Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-11-2017
Կայացավ Սեբուի, «Վիզա»-ի եւ Ջիվան Գասպարյան կրտսերի համերգը
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համատեղ համերգով հանդես եկան ամերիկյան հանրահայտ «Վիզա» ռոք խումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն:

Համերգի մեկնարկը տվեց Սեբուն, ով կատարեց ինչպես նոր, այնպես էլ արդեն սիրված երգեր: Հնչեց 20 տարի առաջ գրված, սակայն հիմա նոր ավարտուն տեսքի հասցված «Լույսը վառ պահե՛ք» երգը: 

«Լավ երգերը ծնվում են լավ համագործակցությունների արդյունքում, իսկ իմ երգերից շատերն այդպիսին են»,- նշեց Սեբուն: 

Նրա նշած համագործակցությունների թվում են Ջիվան Գասպարյան կրտսերի եւ Սիրուշոյի հետ երգերի կատարումները: Վերջիններիս հետ Սեբուն եւս ելույթ ունեցավ: Հնչեց բոլորին սիրելի «Վույ աման» երգը: Սեբուի հետ զուգերգով հանդես եկավ նաեւ «Թումո»-ի սան, երգիչ, երգահան 14-ամյա Սանահինը: 

Նշենք, որ հայաստանյան լսարանին Սեբուն հայտնի է դարձել «Safe and Sound» եւ «Վույ աման» երգերով: 



«Սիրում եմ քեզ, Հայաստա՛ն, կեցցե՛Հայաստանը»,-հանդիսատեսին շնորհակալություն հայտնելով՝ ասաց Սեբուն: 

«Վիզա» խմբի մուտքը հանդիսատեսի շրջանում մեկ այլ ոգեւորություն առաջ բերեց: Հնչեցին ինչպես արդեն հայտնի եւ սիրված ռոքային կատարումներից, այնպես էլ Սեբուի կողմից միքսված եւ գործիքավորված երգեր: «Վիզա»-ն ամերիկյան հանրահայտ այն ռոք խումբն է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խմբի կատարումները հարուստ էին ֆոլկ երաժշտության բազմաթիվ էլեմենտներով, այդ թվում՝ հայկական դուդուկով, որը նվագում է Ջիվան Գասպարյան կրտսերը: 

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում ենք եւ շատ ուրախ ենք, որ այսպիսի արտիստների հետ ենք հանդես գալիս մեկ բեմում»,- ասաց «Վիզա» խմբի մեներգիչը: 

Նշենք, որ համերգի կազմակերպիչը «Մեցցո» պրոդաքշնն էր:

Պատկերասրահ՝ Սեբուի, «Վիզա»-ի եւ Ջիվան Գասպարյան կրտսերի համերգը Երևանում