Նյութը՝ «Հարմոնիա» ՀՀԶԿ-ից
Լուսանկարները՝ «Հարմոնիա» ՀՀԶԿ-ից
Տեղադրվել է 20-11-2017
Չարենցավանի երիտասարդները՝ հռետորներ
Նոյեմբերի 19-ին տարվա երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում ավարտվեց «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված հռետորական հմտությունների զարգացման դասընթացը:

Դասընթացի նպատակն էր պատրաստել գրագետ ու ազդեցիկ խոսքի հմտություններին տիրապետող, վստահ, իրենց մտքերով ու գաղափարներով ազատ կիսվող երիտասարդներ, ովքեր կկարողանան հեշտությամբ ճանապարհ հարթել թե՛ մասնագիտական, թե՛ հասարակական, թե՛ անձնական կյանքում:

Չորս օր տեւած ինտենսիվ դասընթացի ընթացքում երիտասարդները ծանոթացան հռետորական արվեստի նրբություններին՝ խոսքի զարգացման հնարքներից մինչեւ հուզմունքի ու վախի հաղթահարման մեթոդներ: Դասընթացն իրականացվում էր շատ ինտերակտիվ, յուրաքանչյուր թեմայի ժամանակ մասնակիցները պրակտիկ վարժությունների միջոցով ամրապնդում էին ստացած գիտելիքները: 

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները հանդես եկան ելույթներով եւ տեղում ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որոնք ստացել էին դասընթացի շրջանակում: Վերջում էլ խմբային քննարկման միջոցով ամփոփվեց յուրաքանչյուր ելույթը, մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով, կարծիքներով, դիտարկումներով: 

Մասնակիցներից Արամայիսի կարծիքով՝ դասընթացը շատ հագեցած էր ու պրակտիկ. «Շնորհակալ եմ այս հնարավորության համար, շատ կարեւոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերեցի, որոնք վստահաբար օգտագործելու եմ իմ ամբողջ կյանքում»:

«Հարմոնիա» ՀՀԶԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Աշխեն Մկոյանն էլ ծրագիրն ամփոփեց հետեւյալ խոսքերով. «Դասընթացը սպասվածից ավելի մեծ արձագանքներ առաջացրեց, ինչի համար շատ ուրախ եմ: Տեսնելով երիտասարդների ոգեւորությունը եւ զարգանալու մեծ ձգտումը՝ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ պետք է ավելի հաճախ կազմակերպել այսպիսի ծրագրեր: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին ու նաեւ մեզ կայացած ծրագրի համար»:

Հավելենք, որ ծրագիրն իրականացվում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, ծրագրի գործընկերներն էին Չարենցավանի երիտասարդական ուսանողական ՀԿ-ն եւ «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ն: