Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-11-2017
«iPhone X»-ին թշնամի է հայտնվել
«OnePlus» ընկերությունը ներկայացրել է իր ամենաթարմ մոդելի հզորացված տարբերակը. «OnePlus 5t»-ի ստեղծողները ձեռնոց են նետել «Apple»-ին։

Վաղուց էր սպասվում, որ ամերիկյան «Apple»-ի հոբելյանական թողարկումը՝ ի դեմս «iPhone X»-ի, սմարթֆոնների շուկայում հեղափոխական նորարարությունների ալիք կբերի։ Առաջինն այդ մասին արտահայտվեց «OnePlus» ընկերությունը՝ ներկայացնելով իր նոր «OnePlus 5t» սմարթֆոնը:

Նոր մոդելի էկրանը զբաղեցնում է առաջնային մասի ավելի քան 80 տոկոսը, իսկ գերզգայուն սկաները՝ նախատեսված մատնահետքի համար, տեղադրված է հետեւի կողմում: «OnePlus»-ի նոր առաջամարտիկն ունի 6 դյույմանոց «Optic AMOLED» էկրան, ինչի շնորհիվ ստացվում է 2160х1080 թողունակություն:

Թարմացվել են սարքի պրոցեսորն ու վիդեոադապտերը. «OnePlus 5t»-ում առկա է Snapdragon 835 պրոցեսոր եւ GPU Adreno 540 վիդեոադապտեր։ Նախորդ մոդելների օրինակով «OnePlus 5t»-ն ունի ընտրովի՝ 6 կամ 8 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողություն, ինչպես նաեւ 64 կամ 128 ԳԲ ներքին հիշողություն։ Դիմացկուն է նաեւ սարքի մարտկոցը՝ 3300 ՄԱ/ժ ծավալով:



Նոր մոդելում թարմացվել են նաեւ սարքի տեսախցիկները։ Սմարթֆոնի հետեւի մասում երկու տեսախցիկ կա՝ համապատասխանաբար 16 եւ 20 մեգապիքսել թողունակությամբ։ Բարելավվել է նաեւ դիմային տեսախցիկը։ Այժմ սմարթֆոնն ունի նաեւ «FaceUnlock» ֆունկցիա։ Ինչպես «iPhone X»-ի դեպքում, այնպես էլ «OnePlus 5t»-ի օգտատերերը կարող են դեմքի միջոցով արգելափակումից բացել սմարթֆոնը:

«OnePlus 5t» սմարթֆոնը լիցքավորվում է իր նախորդների օրինակով՝ «USB Type-C» բնիկով, սակայն ներդրված «Dash Charge» նոր տեխնոլոգիան թույլ է տալիս բավականին արագ լիցքավորել սմարթֆոնը: Վերացվել է անլար լիցքավորման հնարավորությունը, ինչը շատ օգտատերերի համար ժամանակին խնդիրներ է ստեղծել։

Համեմատելով իր հիմնական մրցակցի՝ «iPhone X»-ի հետ՝ «OnePlus 5t» սմարթֆոնն ունի մի շարք այլ առավելություններ, այդ թվում՝ 2 SIM-քարտի բնիկ, ինչը կարելի է փոխակերպել եւ կիրառել որպես արտաքին հիշողության ավելացման սարք։ Գնային առումով եւս «OnePlus 5t»-ն ավելի ճկուն է շուկայում՝ 6 ԳԲ օպերատիվ ու 64 ԳԲ ներքին հիշողություն ունեցող սարքը նոյեմբերի 21-ից վաճառվելու է 499 դոլարով, իսկ 8 ԳԲ օպերատիվ ու 128 ԳԲ ներքին հիշողություն ունեցող տարբերակը՝ 559 դոլար: