Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-11-2017
Որո՞նք են բուհական կրթության խնդիրները
Հայաստանի բուհական համակարգում օրեցօր փոփոխություններ են կատարվում, փորձ է արվում այն կատարելագործելու, այնուամենայնիվ շարունակում են առկախ մնալ մի շարք խնդիրներ:

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն առաջին հերթին նշում է ուսանողների շրջանում հետազոտական հմտությունների պակասը. «Հաճախ բուհերում ուսանողներից պահանջում են կատարել հետազոտական աշխատանք, բայց, ցավոք, դպրոցում նրանք չեն սովորել դա: Նրանք սովորել են ինչ-որ բան պատմել»:

Նույն խնդիրն է առանձնացնում նաեւ ուսանող, ապագա միջազգայնագետ Դավիթ Մաթեւոսյանը. «Մեզ մոտ շատը պատմականն է, բայց քննական մտածողության, վերլուծական-հետազոտական աշխատանքների մշակույթը զարգացած չէ: Ամեն ինչ լսարան-միջանցք շրջանակում է, բայց համալսարանը պետք է կրթական-գիտական մթնոլորտ ունենար»:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ շատ ուսանողների ակնկալիքներն ու սպասումներն ընդունվելուց հետո չեն արդարանում: Ֆինանսական անկախություն ունենալու համար ուսանողները սկսում են նաեւ աշխատել, իսկ բուհական գրաֆիկի ճկուն չլինելու պատճառով դա արվում է դասերի հաշվին: Նրանք նաեւ զգում են, որ համալսարանում իրենց սովորածի մի մասն աշխատաշուկայում պետք չէ:



«Մենք ուսանողներին շատ դեպքերում սովորեցնում ենք բաներ, որոնք գուցե նեղ մասնագիտացած ոլորտի մասնագետին են պետք, այսինքն՝ հաճախ դասախոսն ուսանողներին սովորեցնում է բաներ, որոնք անհրաժեշտ են դասախոս դառնալու համար, բայց երբ ուսանողը պրակտիկ ուզում է աշխատել, հասկանում է, որ դա իրեն պետք չէ, եւ առաջանում է հաճախումների խնդիր»,- ասաց նա: 

ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հերիքնազ Մկոյանը նշում է հայալեզու գրականության պակասի խնդիրը. «Ինչքան էլ լավը լինի դասախոսությունը, ամեն դեպքում պետք է գրքից կարդաս: Շատ ուսանողների համար խնդիր է օտարալեզու գրականությունը, չնայած կան դասախոսներ, ովքեր էլեկտրոնային տարբերակով ուղարկում են նաեւ թարգմանված գրականություն»:

Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ գիրքն ուսումնասիրելն ու գրքով սովորելն ունեն առավելություններ. «Գրքի հետ աշխատանքն ուսանողի համար կարեւոր է: Ճիշտ չէ ամբողջությամբ պատրաստի դասախոսություն տալը: Խնդրին կարելի է լուծում տալ՝ ավելացնելով մասնագիտական հայալեզու գրականությունը եւ խորացնելով օտար լեզուների իմացությունը, ինչի համար նախարարությունը նոր հայեցակարգեր է պատրաստել»:



Սերոբ Խաչատրյանը չհամաձայնեց ուսանողների այն կարծիքին, որ ուսումնական ծրագիրը գերծանրաբեռնված է. «Եթե աշխատում են ուսանողները, այդ դեպքում գերծանրաբեռնված է: Քննական շրջանում, այո՛, կա գերծանրաբեռնվածություն: Հաճախ մեկ օրում երկու քննություն են հանձնում, բայց որ ասեմ՝ այնքան շատ են դասերը, որ առավոտից գիշեր սովորում են, ո՛չ: Արտասահմանյան համալսարանների համեմատ՝ մեզ մոտ շատ թեթեւ է»:

Բազմիցս նշվում է, որ բուհական համակարգի մյուս խնդրի՝ մագիստրատուրայի՝ բակալավրիատը կրկնելու մասին: ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Մարինե Ստեփանյանը նույնպես այդ կարծիքին է. «Սովորելով մագիստրատուրայի 2-րդ կուրսում՝ կարող եմ փաստել, որ այն կրկնում է բակալավրիատի ամբողջական դասընթացը եւ նոր գիտելիքներ չի փոխանցում: Բաժնի փոփոխության դեպքում էլ մասնագիտությունից գաղափար կազմելը դժվար է»:

Սակայն ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարինե Սեմերջյանը համաձայն չէ. «Մեր բաժնի պարագայում բակալավրիատի կրկնություն չկա. ուսումնասիրում ենք լրիվ նոր առարկաներ, սակայն, իմ կարծիքով, 8 առարկա մեկ կիսամյակի համար շատ է, ընդ որում՝ դրանցից 7-ը տեսական առարկաներ են: Ամեն առարկան խորությամբ ուսումնասիրելու ու հասկանալու համար միայն մեկ կիսամյակ անհրաժեշտ է, իսկ ուսանողն ուզում է սովորել, յուրացնել նյութը, բայց ծավալն ու դրված ժամկետներն անհամատեղելի են»: 



Մատուցված նյութի կրկնություն նկատվում է նաեւ դպրոցում եւ բուհում: Կրթության փորձագետի խոսքով՝ կրթական համակարգում կա անախրոնիզմ, եւ դպրոցը լուծում է մանկապարտեզի խնդիրը, բուհը՝ դպրոցի, գործատուն՝ բուհի: 

«Օրինակ՝ համալսարաններում դասավանդում ենք հայոց լեզու: Հարց կարող է առաջանալ, թե արդյոք 12 տարին դպրոցում քի՞չ էր: Հայոց լեզուն բուհում պետք է լինի գոնե մասնագիտական լեզու: Ասենք, եթե տնտեսագետ է, բուհում սովորի հայերենով տնտեսագիտական մտքեր արտահայտել, հոդվածներ գրել»,- մեզ հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետը նշում է՝ այսօր ամբողջ աշխարհում բուհական համակարգում կա ճգնաժամ: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ նորագույն տեխնոլոգիաները ենթադրում են կրթության նոր մոտեցումներ: Նրա խոսքով՝ մեր երկրում ավելի անլուրջ են վերաբերվում կրթությանը, որովհետեւ մեզ մոտ սովորելը թողնված է անհատներին. ուզում ես՝ սովորի, ուզում ես՝ մի՛ սովորի: Սերոբ Խաչատրյանն առաջարկում է ստեղծել այնպիսի միջավայր, որ չսովորողն էլ սովորի: 



Խնդիրների լուծման հավատով՝ Eritasard.am-ը շնորհավորում է Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով երիտասարդական ավյուն, անսպառ եռանդ, ուսանողական անհոգ տարիներ ու մասնագիտական հաջողություններ…

Հ.Գ.: Ուսանողների միջազգային օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է 1946 թ.-ից՝ նոյեմբերի 17-ին Պրահայում անցկացված Ուսանողների համաշխարհային կոնգրեսի որոշմամբ: 1939 թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում չեխ ուսանողներն ու նրանց դասախոսները փողոց են դուրս եկել՝ նշելու Չեխոսլովակիայի Հանրապետության 21-ամյակը: Ֆաշիստները ցրել են հանրահավաքը, բախումների ժամանակ սպանվել է մի ուսանող՝ Յան Օպլետալը: Նոյեմբերի 17-ին էլ ձերբակալվել է 1200 ուսանող ու ուղարկվել Զակսենհաուզեն համակենտրոնացման ճամբար: