Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-11-2017
Ամփոփվեցին երիտասարդների քաղաքացիական մասնակցության ուսումնասիրության արդյունքները
Քաղաքական ընտրություններին Հայաստանում ավելի շատ մասնակցում են այն երիտասարդները, ովքեր հետաքրքրվում են քաղաքական իրադարձություններով եւ գնահատում են իրենց քվեի կշիռը: 2015 թ. դրությամբ ընտրություններում ավելի ակտիվ էին մարզային քաղաքներում բնակվող երիտասարդները, քան Երեւանում եւ գյուղերում ապրողները:

Քաղաքական կուսակցություններին վստահող երիտասարդներն ավելի բարձր են գնահատում իրենց քվեի կշիռն ընտրությունների արդյունքների համար: Մեկ փաստ եւս. հանրային քննարկումներին երիտասարդ կանայք ու տղամարդիկ հավասարապես են մասնակցում, մինչդեռ 30-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում տղամարդիկ ավելի ակտիվ են այդ առումով:



Հիմնականում այս եզրակացություններին են հանգել «ՀՀ երիտասարդության քաղաքացիական մասնակցության ուսումնասիրություն եւ խթանում» ծրագրի սոցիոլոգները: Մասնագետները սկզբում առկա տվյալների հիման վրա կատարել են երկրորդային վերլուծություն, հավաքել վիճակագրական տվյալներ: Այնուհետեւ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում ֆոկուս խմբերի միջոցով իրականացվել է նաեւ որակական հետազոտություն: Սոցիոլոգները փորձել են պարզել, թե այս կամ այն գործընթացին երիտասարդների մասնակցությունն ինչով է պայմանավորված:



«Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում դեռեւս զարգացման փուլում է: Այն շատ կարեւոր է ժողովրդավարական համակարգերի կայացման տեսանկյունից: Երիտասարդությունն այսօր կարեւոր կատեգորիա է Հայաստանի ապագայի համար: Սոցիալական պատասխանատվությունը նշանակալի դեր ունի, եւ այս առումով այս ոլորտի հետազոտությունները կարեւոր են»,- ասաց ծրագրի սոցիոլոգ Լիլիթ Իսկանդարյանը:

Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել ՀՀ երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը եւ հետազոտության հիման վրա մշակել ռազմավարական ծրագիր, որը կնպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը:



«Մենք այս ծրագիրն ընտրել ենք, որովհետեւ վստահ ենք՝ քանի դեռ մենք ինքներս չենք առերեսվել եւ չենք կարողանում վեր հանել մեր թույլ տված սխալների հետեւանքով երիտասարդների համար առաջացած խոչընդոտները, մենք չենք կարող առաջ գնալ»,- նշեց «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թամարա Գեւորգյանը: