Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-11-2017
Էդիկ Հարությունյանը՝ Համաշխարհային երիտասարդական ֆորումի լավագույն պատվիրակ
Նոյեմբերի 4-10-ը Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի է ունեցել Համաշխարհային երիտասարդական ֆորում, որը կրում էր «Մենք կարիք ունենք խոսելու» խորագիրը:

Ֆորումին մասնակցել է նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող, ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Էդիկ Հարությունյանը: Նա Eritasard.am-ին պատմել է ֆորումին մասնակցելու, աշխատանքային գործընթացների եւ ձեռքբերումների մասին: 

Ֆորումին մասնակցելու անցած ճանապարհը…

Ծրագրին մասնակցելու առաջարկը Եգիպտոսի Կառավարությունն ուղարկել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, իսկ հայտարարությունն էլ տարածվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից: Ծրագրին դիմելուց հետո Եգիպտոսում մասնակցել եմ նախընտրական մրցույթի, որտեղ էլ արդեն հաստատվել է մասնակցությունս: Համաշխարհային երիտասարդական ֆորումը, որն իր ձեւաչափով առաջին անգամ էր իրականացվում, կազմակերպվել էր Եգիպտոսի Կառավարության կողմից՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի առաջարկով: Վերջինս Ալեքսանդրիայում, Կահիրեում 3 երիտասարդական ֆորումներ էր անցկացրել, որոնք երիտասարդների՝ երկրի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցությունը մեծացնելու նպատակ էին հետապնդել: Քանի որ պրագմատիզմի տեսանկյունից այն բավականին լավ ազդեցություն էր ունեցել, ուստի հենց մասնակից երիտասարդների առաջարկով էլ կազմակերպվել էր առաջին Համաշխարհային երիտասարդական ֆորումը: Գլխավոր նպատակն աշխարհի յուրաքանչյուր երկրից ամենաքիչը մեկ երիտասարդ մասնակից ունենալն էր, ինչպես նաեւ համաշխարհային քաղաքական լիդերներից ունենալ մեծ ներկայացվածություն: Ի վերջո ֆորումի նպատակը երիտասարդության ձայնը լսելի դարձնելն էր եւ երիտասարդների տեսլականին ծանոթանալը, այսինքն՝ թե նրանք ինչպես են տեսնում աշխարհում առկա խնդիրների լուծումները: 



Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումը, Հայոց ցեղասպանության եւ Արցախի հիմնահարցի բարձրաձայնումը…

Ֆորումը բաղկացած էր զեկուցումներից, ֆորմալ, ոչ ֆորմալ հանդիպումներից եւ ՄԱԿ-ի մոդելավորումից: Իմ մասնակցությունը հիմնականում եղավ ոչ ֆորմալ հանդիպումների եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մոդելավորման շրջանակներում: Ոչ ֆորմալ հատվածի ժամանակ մենք լիովին ազատ էինք, կարող էինք մոտենալ յուրաքանչյուր երկրի պաշտոնյայի, հարցեր հղել նրան, քննարկել, կիսել տեսակետներ: Ես անձամբ շփվեցի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ, ով նշեց այն բոլոր քայլերը, որ մինչեւ հիմա Ֆրանսիայի Կառավարությունն արել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ոչ միայն իրենց երկրի, այլեւ Եվրոպայի մակարդակով: Ոգեւորություն ապրեցի նաեւ Ռուանդայի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի հետ հանդիպումից: Վերջինս Հայոց ցեղասպանության մասին ամեն ինչ գիտեր, քանի որ ուսումնասիրել էր թեման եւ համեմատականներ անցկացրել Ռուանդայի ցեղասպանության միջեւ: Քանի որ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ մասնակիցը հնարավորություն ուներ ներկայացնելու իր երկրի, տարածաշրջանի խնդիրները, ուստի ես հիմնականում բարձրաձայնեցի հենց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախյան հիմնախնդրի հարցերը: Ռասիզմի մասին ընթացող խոսակցությունների ժամանակ մատնանշում էի Սաֆարովի ոճրագործությունը, երբ պարզապես ազգային պատկանելիությամբ պայմանավորված՝ տեղի էր ունեցել դաժան մարդասպանություն, եւ նա հերոսացվել էր հարեւան երկրում: Խոսել եմ նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի մասին: Արցախյան հարցի հետ կապված եվրոպական ներկայացուցիչներից ստանում էի մեկ պատասխան, այն է՝ իրենք հարցի խաղաղ լուծմանն են կողմ եւ դա տեսնում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմային, ապա այն պետությունները, որոնք ճանաչել էին, հպարտությամբ էին նշում այդ փաստը, իսկ մյուս պետությունների ներկայացուցիչները պարզապես ասում էին, որ, այո՛, եղել է ցեղասպանություն, բայց քաղաքական որոշ դրդապատճառներով պայմանավորված՝ իրենք դեռեւս խնդիր ունեն: 

«Լավագույն պատվիրակ» մրցանակի նվաճում…

Ֆորմալ հանդիպումների ժամանակ ներգրավված էի ահաբեկչության դեմ միջազգային պայքարը թեմայում՝ ՄԱԿ-ի մոդելավորման տեսանկյունից: Հնարավորություն տրվեց դերային բաժանումներով վերցնել դերերից որեւէ մեկը, ասելիքը բարձրաձայնել եւ հատկապես բարձրաձայնել համաշխարհային լիդերների առջեւ: Ներկա էին Կահիրեում դիվանագիտական առաքելություն կատարող անձինք, նախարարներ եւ նախագահներ: Մոդելավորումը ՄԱԿ-ի ԱԽ-ինն էր, որտեղ Հայաստանը ներկայացված չէր, եւ ես, ցավոք, ստիպված եղա վերցնել երկրներից որեւէ մեկը: Դերային բաժանման ժամանակ ինձ եւ իմ պատվիրակությանը բաժին ընկավ Չինաստանը: Մեր պատվիրակության մյուս անդամների եւ իմ աշխատանքի շնորհիվ մենք ստացանք «Լավագույն պատվիրակ» մրցանակը: 



Գլխավոր ձեռքբերումը…


Սպասելիքներս լիովին արդարացան: Ես՝ որպես մասնակից, ոչ միայն իմ ձայնը լսելի դարձնելու, այլեւ յուրաքանչյուր երկրից ինձ պես ներկայացուցչի հետ ծանոթանալու, նրանց երկրի կրթական համակարգը մեր երկրի կրթական համակարգի հետ, ակադեմիական գիտելիքների աստիճանները համեմատելու հնարավորություն ունեցա: Պետք է ուրախությամբ նշեմ, որ ԵՊՀ-ն գուցե ոչ գործնական, սակայն տեսական գիտելիքների առումով, աշխարհի բարձրագույն համալսարանների հետ համեմատած, բավականին բարձր մակարդակում է: Բնականաբար, հետագա ուսումնասիրությունների եւ ակադեմիական առաջընթացի առումով դա խթանող գործոն էր: Իմ արտահայտվելու եւ խոսքիս իրավունքը լիարժեք իրացրեցի: Շատ կարեւոր էր տեղում մնալ դիվանագիտական պահվածքով՝ էթիկայի կանոններին համապատասխան, սակայն ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ ասելիքդ ասեիր: Իհարկե, կային բացեր, որոնք հետագա ինքնազարգացման արդյունքում անպայման կլրացնեմ եւ մյուս նմանատիպ հանդիպումների ժամանակ կկարողանամ ավելի պատրաստված հանդես գալ: 

Եթե ֆորումի գաղափարական մասը մի կողմ դնենք, ապա հասկանալի է, որ Եգիպտոսի՝ միջազգային հարթակում դերի բարձրացման համար բավականին լավ միջոց էր Համաշխարհային երիտասարդական ֆորումը: Կարծում եմ, որ մենք եւս կարող ենք լոկալ մակարդակով այն կիրառել: Ցանկություն կա մասնակցելու նաեւ հաջորդ տարի, բայց՝ այլ ձեւաչափով: Սակայն պետք է նշեմ շատ կարեւոր փաստի մասին, այն է՝ ձեռք բերեցի մեծ թվով ընկերներ, որոնց հետ կապի մեջ եմ: Ընկերական հարաբերությունները լրիվ այլ մակարդակով են՝ առանց երկրներում եւ երկրների հետ առկա խնդիրների եւ հիմնահարցերի: Նախատեսում ենք, որ բոլորով կլինենք նաեւ 2018-ին: 

Հ.Գ.: Նշենք, որ Եգիպտոսի նախագահի աշխատակազմի հրահանգով՝ 2018 թվականին եւս Համաշխարհային երիտասարդական ֆորում կանցկացվի եւ այն կդառնա ամենամյա: