Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 16-11-2017
«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն», երբ գիտելիքը դառնում է առաքելություն
«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ի տեղեկատվական միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ի։

Բազմաթիվ երիտասարդների «Հոդված 3» ակումբ էր բերել արդեն իսկ սիրված ծրագրի հանդեպ հետաքրքրությունը։ Մեկնարկն արդեն տրվել է, եւ սեպտեմբերին արդեն բազմաթիվ վերապատրաստված երիտասարդներ սկսել են իրենց առաքելությունը կատարել սահմանամերձ համայնքներում։

«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն»-ը հավաքագրում եւ վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների՝ որպես ուսուցիչներ, եւ այնուհետեւ գործուղում Հայաստանի մարզային այն դպրոցները, որտեղ նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք կա։

Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի ավելի քան 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են «Teach For All» միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր է կիսել լավագույն փորձը եւ գիտելիքները:

«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագիրն ընտրում է հատկապես այն մարզերն ու դպրոցները, որտեղ կան ուսուցիչների թափուր հաստիքներ։ Ծրագրի ներկայացուցիչները փաստում են, որ Երեւանից բացի՝ բոլոր համայնքներում թափուր հաստիքներ կան, բայց հատկապես խնդիր է օտար լեզուների մասնագետների պակասը: 

«Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» ծրագրի մասնակիցները Հայաստանի եւ Սփյուռքի հայկական համայնքներից են։ Հայաստանի՝ մասնագետների պակաս ունեցող դպրոցներում դասավանդելու համար ընտրվում են բազմակողմանի զարգացած, շնորհալի եւ եռանդուն անհատներ, ովքեր կրթական, առաջնորդության եւ միջանձնային հարաբերությունների բավարար փորձ եւ հմտություններ ունեն։

Աննան սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4 կուրսում։ Նա արդեն վստահ է՝ ուսումն ավարտելուն պես  միանալու է «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» թիմին. «Մեր օրերում  դժվար է աշխատանք գտնելը, իսկ ահա ծրագիրը հիանալի հնարավորություն է ե՛ւ աշխատելու, ե՛ւ սեփական փորձով կիսվելու համար»։ 

Աննայի 2 ընկերներն արդեն դիմել են ծրագրին, ուստի Աննային հետաքրքրող հարցերն այդքան էլ շատ չէին: Փոխարենն Աննան ուներ առաջարկ. 2 տարվա փոխարեն այն երկարաձգել՝ դարձնելով 5 տարի։

Օրվա ընթացքում ծրագրով հետաքրքրված բոլոր երիտասարդները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: