Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 13-11-2017
Ազնավուրն արգելված ամեն ինչ անելու ու կնոջ համար նվերներ չգնելու մասին
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքի «Բարի լույս» ծրագրին: Հաջորդ տարի հանրահայտ երգիչը համերգներով հանդես է գալու Ռուսաստանի Դաշնությունում. ապրիլի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգում, իսկ ապրիլի 24-ին՝ Մոսկվայում: Eritasard.am-ը ներկայացնում է հարցազրույցի ուշագրավ դրվագները:

Ազնավուրն ու ռուսերենը 

Մեր տանը ծնողներս խոսում էին ռուսերեն, երբ չէին ցանկանում, որ երեխաները հասկանան իրենց ասածը, իսկ իմ պապը մեծ խոհարար է եղել, պատրաստել է միայն ռուսական ուտեստներ, այդ իմ պապն է ֆրանսիացիներին սովորեցրել, թե ինչ է ռուսական խոհանոցը: Ժամանակին մենք Փարիզում «Կովկաս» ռեստորան ունեինք: Երբ ես ռուսական ռեստորան եմ գնում, ամենավատ քննադատն եմ: Եթե բորշչը ինձ դուր չեկավ, ուրեմն խոհարարի մոտ ինչ-որ բան չի ստացվել:

Արգելվածն անելու մասին 

Ես ինքս շատ քիչ եմ ուտում, շատ քիչ եմ խմում, ընդհանրապես չեմ ծխում, բայց օգտագործում եմ շաքար, աղ ու յուղոտ սնունդ, այսինքն` անում եմ այն ամենը, ինչ արգելված է…

Ազնավուրը տիկնոջը ոչինչ չնվիրելու մասին 

Իրարից տարբեր մարդիկ իրար հետ հրաշալի զույգ են կազմում, ես այդպես ապրում եմ արդեն կես դար: Ես էներգիա եմ, իմ կինը հանդարտ է, նա խելագար չէ, նա հիմարություններ չի անում, ու երբ ես բարկացած եմ, նա կարող է ինձ հանգստացնել: 

…Միասին ապրում ենք 50 տարի: Նա սիրում է սպորտով զբաղվել, ես՝ ոչ…

Ես նրան ոչինչ չեմ նվիրում, ժամանակին նվերներ անում էի, բայց կինս միշտ ասում էր՝ սա այնպես չէ, ես ուրիշ բան էի ուզում, իսկ հիմա ասում եմ` գնա՛ ու ինքդ ընտրի՛ր: Մենք ազատ զույգ ենք եւ ունենք ազատ փոխհարաբերություններ: 

Հագուստը մի քանի տարի կրելու մասին

Իմ հագուստն ինքս եմ գնում: Ես այնպես, ինչպես այսօր, հագնվել եմ 20 տարի առաջ էլ, ես շատ երկար եմ հագուստը կրում` 10-ից ավելի տարիներ, չեմ նետում իմ հագուստը:

Հայաստանն ունի օգնության կարիք

Այժմ ես իմ հիմնադրամն ունեմ, այս տարի ես ու որդիս այն հիմնեցինք, Հայաստանն ունի դրա կարիքը: Կարող եք գրանցվել իմ կայքում, ու պատահականության սկզբունքով երկուսը կշահեն իմ համերգի տոմսերից, իսկ համերգից հետո ես անձամբ կշփվեմ նրանց հետ կուլիսներում: Դա կլինի ապրիլին` Սանկտ Պետերբուրգի, այնուհետեւ Մոսկվայի իմ համերգների ժամանակ: