Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-11-2017
Երեւանում հնչեց ճապոնական ավանդական երաժշտությունը
Նոյեմբերի 9-ին եւ 10-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում հնչեց ճապոնական երաժշտություն։

Office K2 «Ճապոնական երաժշտական նախագիծ» կովկասյան շրջագայության շրջանակում տեղի ունեցավ ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ նվիրված Ճապոնիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ 

Միջոցառումն իրականացվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, ի դեմս ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Է. Տագուչիի, ինչպես նաեւ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի համատեղ ջանքերով: 

«Ինձ համար մեծ հաճույք է այսօր Հայաստանում ներկայացնել ճապոնական երաժշտությունը: Այն ոչ միայն ավանդական է, այլեւ ժամանակակից, ակտիվ: 2011 թվականին Ճապոնիայում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ: Այդ դեպքից հետո մեր երկիր այցելեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս համերգը յուրատեսակ շնորհակալական միջոցառում է ճապոնացի ժողովրդից հայ ժողովրդին»,- միջոցառման ընթացքում նշեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Երաժիշտները հնչեցրին ճապոնական ավանդական երաժշտություն եւ հանդիսատեսին զարմացրին՝ յուրահատուկ մեկնաբանությամբ կատարելով «Ծիծեռնակ», «Սուսերով պար» ստեղծագործությունները: 

Համերգին ներկա էին հյուրեր Ճապոնիայից, ՀՀ բարձրաստիճան անձինք, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Պատկերասրահ՝ Office K2 «Ճապոնական երաժշտական նախագիծ»-ը