Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-11-2017
Առողջ ապրելակերպ եւ սպորտային տուրիզմ. կայացավ առաջին համաժողովը
Նոյեմբերի 11-ին «Double Tree by Hilton Yerevan»-ում տեղի ունեցավ առողջ ապրելակերպի տարածմանը եւ մասսայականացմանը, սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողովը:



Համաժողովի նպատակն էր սիրողական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի կառույցներին ու ակումբներին հավաքագրել եւ համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ստեղծելով առողջ ապրելակերպի տարածման ու սիրողական մարզաձեւերի զարգացման մի համակարգ:

Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց ներկաներին: Նրա խոսքով՝ դա առողջ ապրելակերպի տարածմանը եւ մասսայականացմանը, սպորտային տուրիզմի զարգացմանն ուղղված առաջին համաժողովն է, որն առաջին հերթին միտում ունի համախմբելու բոլոր այն կազմակերպություններին, կառույցներին եւ անհատներին, որոնք ակտիվ գործում են իրենց ոլորտներում, սակայն իրենց գործունեության ընթացքում ունենում են արհեստական եւ բնական խոչընդոտներ, եւ որոնց լուծման համար ունեն իրենց իրատեսական առաջարկներն ու լուծումները: 



«Մենք, շփվելով  միմյանց հետ, հասկացանք, որ իսկապես նման համաժողովի կարիքը կա: Այն հնարավորություն կտա բարձրաձայնելու այն գործողությունների մասին, որոնք կառույցներն առանձին-առանձին շատ երկար տարիներ կազմակերպում են մեր երկրի զարգացման եւ բարգավաճման համար: Այդպիսով նրանք կարող են ներկայացնել իրենց խնդիրներն ու առաջարկները, որոնք առկա են, եւ որոնք հնարավոր է ճիշտ ուղու վրա դնել ակտիվ բարեփոխումների կազմակերպման ընթացքում»,- ասաց Արման Անտոնյանը: 

Նշենք, որ համաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը:



Ըստ այդմ՝ Արման Անտոնյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 

Զբոսաշրջության զարգացման  հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ այն, ինչ անում է Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան, ապացույցն է այն բանի, որ քաղաքացիներին կոչ է արվում առողջ ապրելակերպ վարել:



«Վերջին հաշվով, եթե յուրաքանչյուրս մեր գործը հավուր պատշաճի անենք, ապա կփոխենք մեր երկրի դիմագիծը եւ կբարձրացնենք մեր երկրի վարկանիշն աշխարհի աչքերում: Մենք չափազանց կարեւորում ենք այսպիսի հասարակական, քաղաքացիական շարժումները, որոնք ինքնուրույն են ձեւավորվում, լավ գիտեն, թե ինչ ճանապարհ պետք է անցնել եւ ինչ դժվարություններ հաղթահարել: Ավելին, ես ցանկանում եմ, որ հաջորդ անգամ մենք լինենք ոչ թե հրավիրյալի կարգավիճակում, այլ համակազմակերպչի, գործընկերոջ: Բոլորիս թիրախն ու նպատակը պետք է լինի մեկը, եւ բոլորիս աշխատանքն ու ջանքերը պետք է ուղղված լինեն մեկ ուղղությամբ: Կոմիտեների, հասարակական կազմակերպությունների եւ այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքն անխոս կտա իր դրական արդյունքը»,-նշեց Արա Խզմալյանը եւ հավելեց, որ առաջիկայում անպայման կլինեն հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հետագա անելիքները: 



Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը խոստովանեց, որ Արման Անտոնյանի առաջարկն ու գաղափարը միանգամից դրական է ընդունվել, քանի որ նրա գաղափարներն իսկապես անհրաժեշտ են ներկա պահին. «Մենք կողմ ենք եւ պատրաստ՝ աջակցելու ծրագրին: Կքննարկենք բոլոր առաջարկները եւ իհարկե կանցնեք գործի»: 

Համաժողովին մասնակցող մարզական կազմակերպությունների եւ ակումբների ներկայացուցիչները պրեզենտացիաների միջոցով ներկայացրին իրենց կառույցների գործունեությունն ու իրականացվող աշխատանքները, այն է՝ ինչպես մասսայականացնել տվյալ սիրողական մարզաձեւը, ինչպես նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը եւ



Հայաստանում ինչպես զարգացնել սպորտային տուրիզմը:

Համաժողովի արդյունքում ստեղծված իրատեսական առաջարկների փաթեթը՝ ուղղված առողջ ապրելակերպի տարածմանն ու մասսայականացմանը եւ սպորտային տուրիզմի զարգացմանը, կներկայացվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին: