Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-11-2017
Նկարիչներին այսուհետ կարելի է ճանաչել խաղի միջոցով
«ԱՐՎԵՍՏ». այսպես է կոչվում առաջին հայկական խաղ-գիրքը: Այն պատկերավոր կերպով բացահայտում է հայ 12 անվանի նկարիչներին եւ նրանց հայտնի ստեղծագործությունները:

Խաղի շնորհանդեսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բարձր գնահատեց նախաձեռնող խմբի աշխատանքը՝ նշելով, որ մշակույթի արժեւորումը պետք է սկսել մանուկ հասակից. «Սա շատ կարեւոր է. այն առիթ կդառնա, որ մեր երեխաները, այսօր տարածված համացանցային այլեւայլ, տարատեսակ եւ անվերահսկելի, թերեւս, աներեւույթ եւ անշոշափելի, անհասկանալի կերպարներին նայելուց բացի, կարողանան հաղորդակցվել իրական արվեստի հետ, իսկ ամենակարեւորը՝ ազգային արվեստի հետ»:



Մինչ կազմակերպիչներն ու աջակիցները ներկայացնում էին խաղի ստեղծման պատմությունն ու կարեւորությունը, երեխաները կլանված խաղում էին:

«Ինձ խաղը շատ է դուր գալիս, շատ հետաքրքիր է: Նկարիչների անուններն ես սովորում, ում դեռ չգիտես: Սովորել եմ Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի անունները»,- տպավորությունների մասին պատմեց խաղը հավանած Արան եւ ընկերների հետ բացատրեց խաղի կանոնները:



Մասնակիցներին բաժանվում են խաղաքարտեր, որոնց վրա գրված են հայտնի նկարիչների անունները, պատկերված են նրանց աշխատանքները եւ 4 գույնից բաղկացած շրջաններ (ներկապնակներ): Խաղացողները նորից պատահականության սկզբունքով բաժին հասած ներկապնակները համապատասխանեցնում են քարտերի վրա պատկերված ներկապնակներին եւ վաստակում միավորներ: Հնարավոր է նաեւ բանակցել մյուս մասնակիցների հետ եւ փոխանակել քարտերն ու ներկապնակները: Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցը ճանաչվում է հաղթող:

Խաղի նպատակն է խթանել երեխաների՝ հայ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը, գեղագիտական ճաշակի ձեւավորումը, նկարների եւ գույների ճիշտ ընկալումը, ստեղծագործական միտքը, պատկերային եւ նորարար մտածողությունը:



Նախաձեռնողների խոսքով՝ լինելու է խաղի ազատ վաճառքի հնարավորություն՝ նախագծի ինքնաֆինանսավորումն ու շարունակականությունն ապահովելու համար: Սակայն վստահեցնում են՝ այն առաջիկայում հասանելի կդարձնեն խոցելի խմբերին, մշակութային կենտրոններին, հեռավոր շրջաններին:

Երեկոն ուղեկցվեց դաշնամուրային կատարումներով, ինչպես նաեւ երեխաները խաղացին հանդիսատեսի հետ: