Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 10-11-2017
Արամ Մնացականով. Մարդու համար ամենակարեւոր արժեքը հենց ինքն է
Նոյեմբերի 9-ին «ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ. ԼԵԿՏՈՐԻՈՒՄ» նախագծի շրջանակում «Այբ» դպրոցում տեղի ունեցավ հանրահայտ ռեստորատոր, շեֆ-խոհարար, հեռուստահաղորդավար Արամ Մնացականովի վարպետության դասը:

Վարպետության դասի թեման էր «Խոհարարի մասնագիտությունը. վաղ ժամանակներից մինչեւ մեր օրեր. հաջողության գաղտնիքը» («Профессия повара: с древних времен до наших дней. Секрет успеха»): Նշված թեմայի համատեքստում Արամ Մնացականովը լսարանին ներկայացրեց հաջողության իր պատմությունն ու խոսեց անցած ուղու մասին: «Ամենակարեւոր արժեքը մարդու համար հենց ինքն է: Հիմնական ներդրումը, որ արժի կատարել, ներդրումն է սեփական անձի զարգացման գործում: Երբ սկսում ես աշխատել այն ոլորտում, որը քեզ իսկապես հոգեհարազատ է, ժամանակի ընթացքում անունդ սկսում է խոսել քո փոխարեն: Կարեւոր է հասկանալ, որ մարդն է կերտում իր անունը եւ ոչ հակառակը», - հանդիպման ընթացքում նշեց Մնացականովը:                                             

Վարպետության դասի ընթացքում հանրահայտ շեֆ-խոհարարն ու ռեստորատորը անդրադարձավ նաեւ հայկական խոհանոցին. «Հայկական խոհանոցը մեծ պոտենցիալ ունեցող դաշտ է: Այստեղ մթերքի խնդիր չկա, իսկ համեղ խոհանոց ունենում է այն երկիրը, որտեղ մթերքն է համեղ: Առաջին մարդը, ով կստեղծի նոր հայկական խոհանոց, այսինքն ավանդույթները պահպանելով կառաջարկի դրանց պատրաստման եւ մատուցման նորարարական մոտեցումներ, միանշանակ կհասնի հաջողության»: 

Խոսելով խոհարարի մասնագիտության մասին՝ Արամ Մնացականովը նշեց, որ  խոհարարը, միայն նա չէ, ով համեղ է պատրաստում, խոհարարը մարդ է, ով հյուրեր է ընդունում, եւ նա պարտավոր է լինել հետաքրքիր, զարգացած եւ հարուստ ներաշխարհով:  Մնացականովը նշեց, որ ամեն շաբաթ այցելում է Սանկտ Պետերբուրգի շուկան, որտեղ մի կին Հայաստանից  բերված մթերքներ է վաճառում. «Եթե հանդիպում եմ այդ կնոջը, անպայման լավաշ կամ օրինակ լոբի եմ գնում: Կարծում եմ, որ Հայաստանից ներկրված մթերքը յուրօրինակ համ ունի, եւ դա է հայակական խոհանոցի հիմնական գաղտնիքը»: 

Հանդիպման ավարտին շեֆ-խոհարարն ընտրեց լավագույն հարցի հեղինակին, ում հետաքրքիր էր,  թե ինչ  ի նկատի ունի Մնացականովը ասելով նոր հայկական խոհանոց: 

Արամ Մնացականովը լավագույն հարցի հեղինակին նվիրեց իր գիրքն անվանական ստորագրությամբ:

Նշենք, որ Արամ Մնացականովը իր Հայաստան այցի շրջանակում մասնակցելու է բաց խոհանոցում իտալացի խոհարար Անտոնիո Ֆրեզայի եւ հայ խոհարար Անդրանիկ Մանուկյանի «Շերեփամարտին» որպես հատուկ հյուր եւ ժյուրիի անդամ: