Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ ՀՊԵՆ-ից
Տեղադրվել է 10-11-2017
Դեյվիդ Նեբելը Հայաստանում Կոմիտաս կատարեց
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 9-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ մեծ ճանաչում ունեցող ջութակահար Դեյվիդ Նեբելը (Շվեյցարիա)։

Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի «Ջութակի կոնցերտը»։ Երեկոյի ընթացքում Նեբելը որպես բիս կատարեց նաեւ Կոմիտասի «Կռունկը»: 

«Հիասքանչ հանդիսատես է: Ինձ համար շատ հուզիչ էր ելույթ ունենալը, մանավանդ Կոմիտաս կատարելը: Ես այստեղ հրաշալի ժամանակ անցկացրի հրաշալի երաժիշտների ու ֆանտաստիկ դիրիժորի հետ: Սերգեյ Սմբատյանը պարզապես ֆանտաստիկ դիրիժոր է: Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ էր մեկ բեմում ելույթ ունենալ նրա հետ, իսկ նվագախումբը պարզապես ֆանտաստիկ էր»,- ասաց Դեյվիդ Նեբելը: 

Նշենք, որ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցրեց նաեւ Պյոտր Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան։

Դեյվիդ Նեբելը ծնվել է 1996 թ. Ցյուրիխում, 5 տարեկանում սկսել է ջութակ նվագել: Նրա կատարողական տաղանդն ու երաժշտականությունն ի հայտ են եկել շատ ավելի վաղ: «Պատանի ջութակահար՝ խոստումնալից հեռանկարներով». այսպիսին էր «Neue Zürcher Zeitung»-ի նյութի վերնագիրը Camerata Zürich-ի հետ Դեյվիդի առաջին մենահամերգի մասին: Նա 9 տարեկան էր եւ կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները»: 2009 թ. Նեբելը Շվեյցարիայի երիտասարդական երաժշտական մրցույթում շահեց առաջին մրցանակը եւ մենահամերգով հանդես եկավ Ցյուրիխի Tonhalle-ում: 2013-ից նա սովորում է պրոֆեսոր Ալեքսանդր Գիլմանի մոտ. վերջինս ղեկավարում է «LGT Young Soloists» անսամբլը: Դեյվիդը լարային անսամբլի հիմնադիր անդամներից է, հանդես է գալիս որպես մենակատար, ինչպես նաեւ նվագակցող կոլեկտիվի՝ Եվրոպայում եւ Ասիայում կազմակերպվող համերգային շրջագայությունների ընթացքում: 

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այդ տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։