Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-11-2017
Հայրենիքի պաշտպանները չեն մոռացվում
Նոյեմբերի 8-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հերոսներն անմահ են» խորագրով հերթական միջոցառումը` նվիրված Հայաստանի Հանրապետության հաղթանակներին:

Ներկա էին Արցախյան գոյամարտում եւ Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների ծնողները, հարազատները, զինվորականներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, դպրոցականներ եւ ուրիշներ:

«Երբ նայում ենք ետ՝ մեր պատմության էջերին, տեսնում ենք ծովից ծով Հայաստան՝ այդքան պատերազմների միջով անցած: Ի տարբերություն շատ ազգերի, որոնք կործանվել եւ իսպառ ջնջվել են, մենք այսօր կայուն ենք, կանք եւ կլինենք մեր պայքարող տղաների շնորհիվ: Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ կարողանանք ապրելով ապրեցնենք մեր հերոսներին»,- իր ելույթում նշեց միջոցառման կազմակերպիչներից Մանուշակ Ստեփանյանը:  

Միջոցառումը բաղկացած էր երկու հատվածներից. նախ ներկայացվեց «Հավերժի ճամփորդ» գիրքը: Հեղինակը՝ Ինգա Քալանթարյանը, պատմում է, որ ամեն անգամ պարզապես գրում էր ստեղծագործություններ՝ նվիրված հայ հերոսներին, սակայն ժամանակի ընթացքում այդ բանաստեղծությունները եւ աքրոստիկոսները վերածվեցին գրքի։ Գրքում առկա ստեղծագործությունները հեղինակը գրել է մեկ տարվա ընթացքում, իսկ գիրքը հրատարակելու բուն գործընթացը տեւել է մեկ ամիս: 

«Ամենամեծ դժվարությունը, որին բախվեցի, այն էր, որ ամեն կերպ ձգտում էի բոլոր հերոսներին անդրադառնալ առանձին, սակայն չեմ սիրում պարզապես բառերի շարան կապել: Ըստ իս՝ յուրաքանչյուր բառ պիտի լինի հոգուց եւ լինի պարզապես այն, ինչ զգում ես։ Շատ եմ ցավում, որ չեմ հասցրել բոլորի մասին անհատապես գրել։ Պարզապես նման կարճ ժամանակում ֆիզիկապես անհնար էր»,- նշում է Ինգա Քալանթարյանը եւ հավելում, որ շարունակելու է իր աշխատանքը ու անդրադառնալու է նաեւ մյուս հերոսներին:

«Մեր առաջին սերունդն ուներ թշնամի, որի հետ կռվում էր երես առ երես: Սակայն Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տղաներն անհասկանալի դիրքում էին. նրանք կռվում էին ոչ թե հասարակ զինվորների, այլ հատուկ ջոկատայինների դեմ: Տեսնելով այդ ամենը՝ ես հիմա լիովին համոզված եմ, որ մեր ազատագրված Հայաստանը մեր նոր սերնդի ձեռքերում է: Մտածում էի՝ կկարողանան մեր տղաները մեզ պես պաշտպան կանգնել հայրենիքի սահմաններին, բայց Ապրիլյան պատերազմը ցրեց իմ բոլոր կասկածները եւ ապացուցեց, որ իրենք ավելի ամուր են ե՛ւ ոգով, ե՛ւ սրտով»,- ասաց լեգենդար Կոմանդոսը եւ դիմեց որդեկորույս մայրերին՝ ասելով, որ խոնարհվում է բոլորի առաջ՝ կիսելով նրանց ցավը: 

Միջոցառման երկրորդ հատվածում ցուցադրվեց «Կամք, ոգի, զորություն» տեսաֆիլմը: Ֆիլմի հեղինակ Սուրեն Ոսկանյանը, արտաքնապես նմանեցնելով Արցախյան եւ Ապրիլյան պատերազմի հերոսներին, հավաքել ու կողք կողքի դրել էր նրանց լուսանկարները, պատրաստել տեսաֆիլմը: 

«Արդեն չորրորդ հաղորդումն է մեր հերոսների մասին: Այդ տեսաշարը բաղկացած է մասերից, քանի որ հերոսները եւ հաղորդման խորագրերը շատ են: Հետագայում ուզում ենք նաեւ համադրել՝ մանկություն եւ պատանեկություն, ուրախ եւ տխուր պահեր, ժպիտով լուսանկարներ եւ այլն»,- նշում է Սուրեն Ոսկանյանը:

Հավելենք, որ միջոցառումն ուղեկցվեց նաեւ մշակութային ծրագրով՝ երաժշտական, պարային համարներ եւ այլն:

Պատկերասրահ՝ «Հերոսներն անմահ են» միջոցառումը