Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-11-2017
Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր՝ Երեւանում
Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրերի մեկնարկն այսօր տրվեց Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Ծրագիրը կտեւի երկու օր՝ նոյեմբերի 9-ին եւ 10-ին:

Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է՝ կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սպորտի ուղղություններով: Այն կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում:

Էրազմուս+ ծրագրի ներքո գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիթորինգի եւ տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:

Ծրագիրը համախմբում է բուհերի դասախոսներին, վարչական կազմին, կրթության փորձագետներին, ուսանողներին, կրթության նախարարության, Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներին եւ այլ գործընկերների` Եվրամիությունից եւ հարեւանության երկրներից: 2017-ը Էրազմուս-ի պատմության մեջ առանձնահատուկ տարի է. ծրագիրը նշում է իր 30-ամյակը, որն ամփոփում է Եվրամիությունում ուսանողների փոխանակման 30 տարվա հաջող փորձը: 

2015 թ.-ից ի վեր Էրազմուս+ փոխանակման ծրագրի շնորհիվ եռապատկվել է Եվրամիությունում ուսանած կամ դասավանդած հայաստանցի ուսանողների եւ բուհերի աշխատակիցների թիվը: Այս առումով Երեւանում Էրազմուս+ տեղեկատվական օրերը հիանալի հարթակ են՝ ներկայացնելու Հայաստանում եւ ողջ աշխարհում ծրագրի նվաճումները։



Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության եւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի խոսքով՝ դա հնարավորություն է բոլոր տարիքի անձանց համար, ովքեր կարող են գտնել իրենց նախընտրելի նախագիծն ու հասնել հաջողության: «Մենք փորձում ենք սերնդին տալ նոր հմտություններ եւ աշխատանքային հնարավորություններ: Նպատակը մեկն է՝ հասնել բարձր մակարդակի: Սա նաեւ ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հանդիպելու եւ շփվելու տարբեր մշակույթի մարդկանց հետ»:

ԵՄ ներկայացուցիչ Իրինա Մովսիսյանը փաստեց, որ այդ հարթակում բարձրաձայնվում են կարեւոր խնդիրներ, ապահովվում է շարժունակությունը բոլոր երկրների հետ. «ԵՄ-ն բազմաթիվ ծրագրեր է իրականացրել եւ շարունակում է իրականացնել: Մենք շատ աշխատանքներ ենք տանում, սակայն դեռ շատ անելիքներ կան՝ ցանկալի արդյունքին հասնելու համար»:

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան էլ այդ հարթակը բնորոշեց որպես մի մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրը փորձում է զարգացնել իր պոտենցիալը: «Անխոս, սա մեծ հնարավորություն է համագործակցելու եվրոպական համալսարանների հետ եւ զարգացնելու կրթական համակարգը»,- ասաց Լանա Կառլովան եւ բոլորին արդյունավետ աշխատանք մաղթեց:



Ծրագրի մասին Eritasard.am-ը զրուցել է նաեւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Լեւոն Բաբամյանի եւ Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանի հետ: 

Լեւոն Բաբամյանը նշեց, որ երկու օրերն էլ նվիրված են Էրազմուս+ ծրագրի կողմից ֆինանսավորվող եվրոպական ծրագրերին: «Կարիերայի կենտրոնն իր հերթին եւս իրականացնում է մի շարք եվրոպական ծրագրեր, տարբեր երկրներից հյուրընկալում երիտասարդների: Այս տարի հյուրընկալել ենք 5 երիտասարդի՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովակիայից: Այդ երիտասարդներն արտալսարանային դասընթացներ են իրականացնում, ուսանողների եւ շրջանավարտների համար մշակութային միջոցառումներ եւ տարբեր իվենթներ կազմակերպում: Շրջանավարտների միավորման հետ մենք իրականացնում ենք երիտասարդական փոխանակման տարբեր ծրագրեր՝ սեմինարների եւ թրեյնինգների տեսքով, ինչպես նաեւ ամառային դպրոցներ՝ դեռահասների համար: Կարիերայի կենտրոնը նաեւ իրականացնում է կրեդիտային շարժունության ծրագրեր: Մեր ուսանողները կարճաժամկետ՝ 5-ամսով մեկնում են եվրոպական համալսարաններ, որոնց հետ մենք արդեն ունենք համաձայնագրեր եւ պայմանագրեր: Վերադառնալով նրանց կրեդիտները ճանաչվում են մեր համալսարանի կողմից, եւ այդպիսով նրանք փոխադրվում են հաջորդ կուրս: Ի դեպ, այդ ծրագրերն ամբողջությամբ անվճար են: Խրախուսելի կլինի, եթե մասնակիցների թիվն ամեն տարի ավելանա»,- ասաց Լեւոն Բաբամյանը:



Էդիթ Սողոմոնյանն իր հերթին նշեց, որ իրականում այդ երկու օրերը տոնական են, քանի որ Էրազմուսը դառնում է 30 տարեկան: «Մենք ներկայացնում ենք բարձրագույն կրթությանը վերաբերող հատվածը, մասնավորապես հնարավորությունները բուհերի ուսանողների, աշխատակազմերի համար: Այս օրերի ընթացքում ներկաները կտեղեկանան ծրագրերին, դրանց դիմելու կարգին, ինչպես նաեւ այն փոփոխություններին, որոնք սովորաբար արվում են ամեն տարի: Երկօրյա միջոցառման ընթացքում ներկայացվելու են Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր եւ  Ժան Մոնե գործողություններ) մանրամասները»,- փաստեց Էդիթ Սողոմոնյանը եւ հավելեց, որ աշխատում են ծրագրերն իրականացնել, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կրթության արդյունքները բավականին ուշ են երեւում, իսկ համակարգն այնքան ճկուն չէ, որ արագ կիրառի ձեռքբերումները: