Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 08-11-2017
Անսահմանափակ շարժում եւ մեծ ասելիք՝ մեկ բեմում
ԱՄՆ դեսպանատան «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» ծրագրի շրջանակում կայացավ «Մենք» եւ «Ալիսան» ներառական պարային բեմադրությունների պրեմիերան:



Ներկայացումները նոյեմբերի 7-ին տեղի ունեցան Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում: 

Ծրագիրն իրականացնում են ԱՄՆ կառավարության ֆինանսավորած կրթական փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ: Բեմադրություններում ներգրավված են հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար փորձում են խթանել ֆիզիկական ու գեղարվեստական ազատությունը: 



«Մենք»-ը մի ներկայացում է, որը բնորոշվում է որպես երկխոսություն հասարակության հետ այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են հաշմանդամությանը, իսկ «Ալիսան» ներկայացման հիմքում «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունն է: 

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, ողջունելով ներկաներին, նշեց, որ միջոցառման նատակը հաշմանդամություն ունեցող պարողների ինտեգրումն է։ 



«Ներառական կրթությունը հատկապես կարեւորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից։ Բոլորովին վերջերս Հայաստան էր ժամանել հաշմանդամություն ունեցող անձանց ամերիկյան պատվիրակությունը, որը եկել էր ներառական կրթության հարցերով հայ կոլեգաների հետ համագործակցելու, ինչպես նաեւ դրան նախորդել էր հայ ուսուցիչների պատվիրակության այցը ԱՄՆ՝ ներառական կրթության ոլորտում ամերիկյան փորձին ծանոթանալու նպատակով»,- ասաց Ռոբերտ Անդերսոնը։

Հավելենք, որ պարային բաղադրիչով «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» ծրագիրը ներկայացվել է նաեւ Գյումրիում (նոյեմբերի 5), Վանաձորում (նոյեմբերի 6), Գորիսում (նոյեմբերի 9), իսկ Կապանում այն կներկայացվի նոյեմբերի 10-ին: