Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-11-2017
«Սկոլկովո» բիզնես-դպրոցը Հայաստանում է. հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ
Նոյեմբերին 7-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում «Սկոլկովո» բիզնես-դպրոցը կազմակերպել էր իր ծրագրի շնորհանդեսը: Հանդիպմանը ներկա էր նաեւ հիմնադիր գործընկեր, «Սկոլկովո»-ի միջազգային հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, սոցիալական ներդրող ու ձեռներեց Ռուբեն Վարդանյանը:



«Սկոլկովո»-ի դպրոցի հաճախորդների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Ալեքսանդր Կիմն ամփոփ ներկայացրեց դպրոցի, դրա ծրագրերի մասին. «Դեռեւս 2000-ականների սկզբին շատերը կարծում էին, որ Ռուսաստանում հնարավոր չէ բիզնես ծավալել այնպես, ինչպես դա արվում է Ռուսաստանի սահմաններից դուրս: Սակայն մենք մեր դպրոցի շնորհիվ ապացուցեցինք եւ շարունակում ենք ապացուցել հակառակը: Վայրը, որտեղ մարդն ապրում է, անխոս ազդում է նրա աշխարհայացքի վրա: Մենք մեր դպրոցը ստեղծել ենք զրոյից, այն տարածքի վրա, որը դատարկ էր, սակայն հիմա այդ տարածքում հաստատություն է, որը մարդկանց օգնում է զարգանալ, հիմնել սեփական բիզնեսն ու առաջ ընթանալ: Կային մարդիկ, ովքեր հավատում էին, որ մենք կիրականացնենք մեր առաջ դրած նախագիծը, եւ կային մարդիկ, ովքեր թերահավատորեն էին մոտենում: Մենք հյուրընկալում ենք տարբեր ոլորտի գործարարների, ինչպես նաեւ մեր նախկին շրջանավարտներին, ովքեր իրենց փորձով ու գիտելիքներով կիսվում են նոր ուսանողների հետ: Մենք ունենք գործընկերներ, որոնք մեծ աջակցություն են ցուցաբերում մեր դպրոցի զարգացման գործին՝ մշտապես լինելով մեր կողքին: Ծրագրերը շատ են, դրանք նախատեսված են տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար։ Դա արդեն կախված է նրանից, թե ինչ բիզնես են ցանկանում մարդիկ սկսել եւ ինչ ուղղությամբ վարել»: 



Ալեքսանդր Կիմի խոսքով՝ շատ հաճելի եւ ուրախալի է այն փաստը, որ դպրոց դիմում են ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Ղազախստանից եւ իհարկե Հայաստանից:

«Սկոլկովո»-ի միջազգային հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Ռուբեն Վարդանյանն էլ ներկաներին ներկայացրեց իր անձնական փորձը, պատմեց գործարար կրթության անհրաժեշտության եւ այն մասին, թե ինչպես է դա ազդում ընդհանուր առմամբ տնտեսության վրա. «Մեր օրերում կրթությունը ֆենոմենալ դերակատարություն ունի: Ճիշտ է, երբեմն դժվար է ստացած կրթությամբ եւ դիպլոմով աշխատանք գտնելը, սակայն ամեն բան հաղթահարելի է: Մենք ապրում ենք շատ փոփոխական աշխարհում եւ ժամանակաշրջանում: Ամեն ինչ շատ արագ է զարգանում, հատկապես՝ տեխնոլոգիաները: Իրականում բիզնեսի հիմնման, դրա զարգացման համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ: Դուք պետք է սովորեք ճիշտ ղեկավարել ձեր ժամանակն ու պահը: Պետք է ճիշտ աշխատեք հովանավորների եւ դոնորների հետ»: 



Անդրադառնալով «Սկոլկովո» բիզնես-դպրոցին եւ նրա գործունեությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշեց. «Այդ դպրոցն իրականում ձեզ կսովորեցնի այդ ամենը: Դուք կստանաք այն հարցերի պատասխանները, որոնք ձեզ հետաքրքրում են, եւ որոնց կհանդիպեք բիզնեսի հիմնման եւ դրա զարգացման ժամանակ: Հավատացե՛ք՝ կլինեն դրական արդյունքներ»:



Ներկաները հանդիպման ընթացքում մասնակցեցին նաեւ «Տաթեւի վերածնունդ» նախագծի քննարկմանը: Ինչպես հայտնի է՝ Տաթեւն արագ տեմպերով դառնում է համաշխարհային կարգի ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ռուսաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Տաթեւի վանական համալիրի վերականգնումը տարածաշրջանում խարսխային նախագիծ է, որին հետեւեցին «Տաթեւի դարպասներ» եւ Տաթեւի հարակից համայնքների զարգացման նախագծերը: 



«Տաթեւեր» ճոպանուղին հատում է կիրճը եւ դեռեւս ամենաերկար հետդարձելի ճոպանուղին է ամբողջ աշխարհում: Այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության համար, այլեւ որպես մեծամասշտաբ կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսում: Ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն այցելել է շուրջ 10 հազար մարդ, իսկ 2016 թ. վերջի դրությամբ ճոպանուղու ուղեւորների թիվը գերազանցել է 505 հազարը: Ինչ խոսք, կարողությունների զարգացումն առանցքային կարեւորություն ունի տարածաշրջանում բարգավաճում ու կայուն տնտեսական աճ ապահովելու համար։ «Տաթեւի դարպասների» շուրջ փոքրիկ հյուրատների ցանցի ստեղծումն աշխատանքով ապահովեց տեղի բնակիչներին՝ միաժամանակ նախապատրաստելով տարածաշրջանում զբոսաշրջային հոսքի ավելացմանը։