Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-11-2017
Գոնսալո Ռուբալկաբա. «Ես դեռ կվերադառնամ Հայաստան»
«Yerevan Jazz Fest 2017» փառատոնի փակման համերգին՝ նոյեմբերի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար, քառակի Գրեմմիակիր Գոնսալո Ռուբալկաբան, «Վահագն Հայրապետյան» կվինտետը եւ Ալեքսիս Ավագյանը:

Այդ կապակցությամբ «Մեցցո» ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Գոնսալո Ռուբալկաբան, Վահագն Հայրապետյանը, Ալեքսիս Ավագյանը եւ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը խոսեցին փառատոնի ընթացքի եւ փակման համերգի մասին։



Կամո Մովսեսյանը նշեց, որ փառատոնի առաջին օրվանից տոնական շունչ է տիրում. «Կարելի է ասել՝ քաղաքը ջազաֆիկացվել է: Անխոս, մենք կշարունակենք նույն ոգով: Խոստանում ենք, որ հաջորդ տարի կգերազանցենք այս տարի սահմանած նշաձողը»:

Գոնսալո Ռուբալկաբան, ով մի քանի ժամ առաջ էր ժամանել Երեւան, մեծ պատիվ է համարում հայաստանյան այցն ու նմանօրինակ փառատոնին մասնակցելը. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես կարծում եմ, որ կստացվի իմ եւ հայ հանդիսատեսի միջեւ ջերմ կապ հաստատելը: Նմանօրինակ փառատոները դաշնակահարի համար ինքնադրսեւորվելու մեծ հնարավորություն են»: 



Ռուբալկաբան մեկ օրով է ժամանել Հայաստան, սակայն՝ վերադառնալու ակնկալիքով: Ինչպես նա փաստեց, արտիստի կյանքն է այդպիսին՝ շատ ճամփորդել համերգներով եւ ամեն վայրում լինել կարճ ժամանակով:

Ալեքսիս Ավագյանի համար այսօր երկակի տոն է: Ծննդյան օրը նա նշելու է բեմում. «Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ, սակայն ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ: Ուրախ եմ նաեւ, որ մասնակցելու հրավեր եմ ստացել»:



Վահագն Հայրապետյանն իր հերթին փաստեց, որ փառատոնն իսկապես հաջողվեց իրականացնել բարձր մակարդակով, իսկ ամփոփումը, ըստ նրա, կլինի առավել տպավորիչ: 

 Հիշեցնենք, որ «Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի  «Zildjian» բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:



 Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:



Պատկերասրահ՝  Գոնսալո Ռուբալկաբա. «Yerevan Jazz Fest 2017»