Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-10-2017
Աղվերանում քննարկվեց Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թթ. ռազմավարության եւ միջոցառումների ծրագիրը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ հոկտեմբերի 30-ին «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում անցկացրեց Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի նախագծի մշակման քննարկում։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը ողջունեց ներկաներին եւ մաղթեց բեղուն աշխատանքային օր. «Մինչ այս հանդիպումը մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել, որոնց ժամանակ ակտիվ քննարկել ենք Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի նախագիծը: Ունեցել ենք մարզային քննարկումներ եւս, որոնք շարունակվում են, եւ որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել մեծ թվով երիտասարդներ եւ պարզապես մարդիկ, ովքեր աշխատում են երիտասարդների հետ: Նրանք ինչպես մարզպետարանների, քաղաքապետարանների, այնպես էլ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ են»: 

Թամարա Թորոսյանը նաեւ նշեց, որ այդ հանդիպմանը ներկա են շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր իսկապես հետաքրքրված եւ մտահոգված են երիտասարդության խնդիրներով:

«ՕքսԵՋեն» հիմնադրամի ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանն էլ նշեց, որ արդեն երկար տարիներ են, ինչ «ՕքսԵՋեն» հիմնադրամը համագործակցում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ. «Այս հանդիպումը կոնկրետ ռազմավարության վերջնական տարբերակը մշակելու համար է: Աշխատանքային խմբերն աշխատանքներ կտանեն վերջնական արդյունքը ստանալու համար: Ի սկզբանե ռազմավարությունը զարգացնելու համար մի քանի ուղղությամբ ենք աշխատել, եւ այդ աշխատանքները տարվել են ոչ միայն մեր հիմնադրամի, այլեւ առավել լայն շրջանակների միջոցով: Աշխատանքներում ներառված են եղել նախարարությունների ու տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տարվել են հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ, փորձագետները հանդես են եկել տարբեր առաջարկներով»:

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանն ամփոփ  ներկայացրեց տարված աշխատանքները: 

«Առաջին անգամ աննախադեպ հանրային մասնակցություն է ապահովվել: Այսօր ներկա են 30-ից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր մասնակցություն են ունեցել ռազմավարության մշակման գործում՝ սկսած ամենափոքր խնդրից մինչեւ գլոբալ խնդիրներ: Քննարկումների գործընթացը բավականին հետաքրքիր է: Խոսում ենք ռազմավարական գերակայությունների սահմանման, դրանց միավորման մասին, մանրամասն քննարկում յուրաքանչյուր եզրույթ: Տարբեր կարծիքների առկայությունն իհարկե տալիս է իր հանրագումարը, քանի որ կարողանում ենք հասնել դրական արդյունքների»,- ընդգծեց Դավիթ Հայրապետյանը եւ հավելեց, որ ցանկացած կարծիք եւ առաջարկ կարեւոր են, սակայն չպետք է մոռանալ նաեւ դրանց հիմնավորումների մասին: 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ռազմավարության նախնական տարբերակը, ռազմավարության վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքները եւ ստացված առաջարկությունները: Դրանք եւս քննարկվեցին: Քննարկման ընթացքում առաջարկությունների վերաբերյալ հնչեցին կարծիքներ, մեկնաբանություններ, կողմ եւ դեմ կարծիքներ:

Այնուհետեւ կատարվեց աշխատանքային խմբերի բաժանում, որոնք քննարկումներ ծավալեցին ռազմավարության գերակա ուղղությունների վերաբերյալ: Աշխատանքային խմբերը ղեկավարում էին Թամարա Թորոսյանը, Անահիտ Մինասյանը, Աննա Եղոյանը, Արեգ Թադեւոսյանը, Մարինե Մանուչարյանը եւ Դավիթ Հայրապետյանը:

Ռազմավարական գերակա ուղղությունները՝ ըստ խմբերի.
1.Երիտասարդների հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ թվային մասնակցության մակարդակի բարձրացում,
2. Երիտասարդության զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում,
3. Երիտասարդական աշխատանքի կայացում եւ հետագա զարգացում, երիտասարդների ցկյանս կրթության խրախուսում,
4. Երիտասարդների հոգեւոր-մշակութային եւ ընտանեկան արժեքների պահպանում եւ զարգացում, ռազմահայրենասիրական դաստիարակություն,
5.Միջազգային երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության եւ երիտասարդների շարժունակության խրախուսում,
6.Ռազմավարության ընդհանուր դրույթներ:

Մոտ երկու ժամ տեւած քննարկումներից հետո աշխատանքային խմբերն իրենց ղեկավարների հետ ներկայացրեցին արված փոփոխությունները, առաջարկները, հավելումները, ուղղումներն ու ռազմավարությանն առնչվող այլ նկատառումներ: Դրանց մասին իրենց տեսակետները հայտնեցին նաեւ մյուս խմբերի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբերի քննարկումների ընթացքում արված նկատառումները կհամակարգվեն մեկ փաթեթում, որն արված փոփոխությունները հստակ արտացոլելու հնարավորություն կտա:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, ամփոփելով հանդիպումը, նշեց, որ նմանօրինակ հանդիպումները, որոնց ընթացքում քննարկումներ են ծավալվում, շատ կարեւոր են, քանի որ հենց այդ քննարկումների ժամանակ են վեր հանվում այն կարեւոր շեշտադրումները, վրիպումները, հավելումները, որոնք ձեւավորում են նախագծերի վերջնական տարբերակը: 

Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ձեւավորվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով: Խմբի ձեւավորման նպատակն է 2018-2022 թթ. երիտասարդական պետական քաղաքականության համար մշակել նոր ռազմավարություն եւ միջոցառումների ծրագիր:

Պատկերասրահ՝  Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի նախագծի մշակման քննարկում