Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 28-10-2017
Առաջխաղացման ռազմավարություն՝ Բրայան Թրեյսիից
Ինչպես ճիշտ սահմանել նպատակներ, հաղթահարել ներքին խոչընդոտները, բացահայտել ներքին կարողությունները, ունենալ առաջխաղացում բիզնեսում եւ կյանքում, ինչ հմտություններ են անհրաժեշտ զարգացնել եւ ինչպես… Այս եւ այլ հարցերի պատասխանները տրվեցին աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսիի՝ հայաստանյան սեմինարի ընթացքում:

Հոկտեմբերի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ հանրահայտ փորձագետի «Առաջխաղացման ռազմավարություն» հեղինակային սեմինարը: 

Լեգենդար փորձագետ Բրայան Թրեյսին Հայաստան էր ժամանելու skill.am հարթակի հատուկ հրավերով World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում) բացառիկ նախագծի շրջանակում որպես առաջին խոսնակ: Ծրագրի մասնակիցներն էին մեծ թվով գործարարներ, առաջատար եւ խոշոր կազմակերպությունների սեփականատերեր, հաղորդակցությունների, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետներ, բիզնես խորհրդատուներ, թրեյներներ, ԶԼՄ ներկայացուցիչներ եւ այլք ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բելգիայից, ԱՄՆ-ից: Eritasard.am-ը ներկայացնում է Բրայան Թրեյսիի սեմինարի լավագույն դրվագները: 

Թրեյսին՝ Հայաստան կատարած այցի ու իր հաջողության մասին 

Երբեւէ չեմ մտածել, որ այստեղ կգամ: Մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Երեւանը հիասքանչ քաղաք է: Ուր էլ եղել եմ, մարդիկ ասել են. «Դուք փոխել եք իմ կյանքը»: 

Ես սեմինարներ եմ վարել ավելի քան 5 միլիոն մարդու համար: Իսկ եթե հաշվի առնենք իմ աուդիոգրքերը, ապա դրանք 25-50 միլիոն մարդ է լսել: 

Ինչ-որ բան անել-չանելու մասին 

Եթե ուզում ես կյանքդ փոխվի, պետք է ինքդ փոխես այն: Պետք է ավելի շատ բան անել: Սակայն՝ ի՞նչ: Այն ամենը, ինչ լավ արդյունք է տալիս: 

Պետք է ավելի քիչ անել այն բաներից, որոնք լավ արդյունք չեն տալիս: Կամ էլ անել այն, ինչ մինչեւ այդ չես արել: Այս պարագայում բոլորի թշնամին հարմարավետության գոտին փոխելու վախն է: 

Պետք է ինքներս մեզ հարցնենք՝ ինչ անել, եթե ուզում եմ լավ արդյունք ստանալ, ինչ սկսել, ինչ թողնել: Կարեւորը որոշում ընդունելն է: 

Նպատակին հասնելու ճանապարհին 

Ես 25 տարեկան էի, երբ ինձ ասացին, որ աշխարհի բնակչության 20 տոկոսը վաստակում է աշխարհի գումարի 80 տոկոսը: Ես ուզում էի հայտնվել այդ 20 տոկոսի շարքերում: Եվ հայտնվեցի որոշում ընդունելուց հետո: Նպատակ դնելը դժվար չէ: Շրջադարձայինը որոշում ընդունելն է: Մարդիկ կարող են ասել, որ այս ամենը լոկ պարզ գաղափարներ են, բայց շատերը չեն ընդունում որոշում: Եթե դու որոշում չես ընդունում, ավտոմատ հայտնվում ես 80 տոկոսի շարքերում: 

…Միջակությունը նորմալ պայման է, ոչինչ պետք չէ անել: Միջինից բարձր սահմանին հասնելու համար պետք է որոշում կայացնել: Դուք էլ եք որոշում կայացրել, եկել եք իմ սեմինարին: 

Սեւեռվելով սեփական նպատակին 

Ամենակարեւորը սեփական նպատակին սեւեռվելն է: Դրա միջոցով կարելի է հաջողության հասնել: Բնակչության կեսը վատնում է աշխատաժամանակը, օրինակ, ընկերների հետ շփվելու համար: Շատերը գնում են աշխատանքի ուղղակի զրուցելու համար, աշխատանքի ավարտին էլ ոչ մի բան արած չեն լինում: Մարդիկ վատնում են իրենց ժամանակը, խուսափում անել այն, ինչ կարեւոր է: Մի՛ դադարեք աշխատել, մինչեւ գործը չավարտեք: 

Հ.Գ.: Բրայան Թրեյսին ծնվել է 1944 թվականին: Կանադական ծագումով ամերիկացին հաջողության եւ բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ է: Բրայան Թրեյսին ընդգրկված է Ամերիկայի, Եվրոպայի եւ Ասիայի լավագույն 10 ամենապահանջված բիզնես թրեյներների ցանկում: Բ. Թրեյսին խորհրդատվություն է տրամադրել 1000 ընկերությունների ԱՄՆ-ում, Կանադայում ու ավելի քան 70 երկրներում, աշխատում է բազմամիլիարդանոց շրջանառություն ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «Coca Cola», «Johnson & Johnson», «HSBC», «Pepsi Co International», «IBM», «Toyota» եւ այլն։


Բրայան Թրեյսիի սեմինարներին յուրաքանչյուր տարի մասնակցում է ավելի քան 250,000 մարդ: 30 տարուց ավելի ուսումնասիրություններ է իրականացրել, աշխատություններ է գրել եւ ելույթներ է ունեցել տնտեսագիտության, բիզնեսի, պատմության, փիլիսոփայության եւ հոգեբանության ոլորտներում: 

Նրա՝ 70-ից ավելի գրքերը դարձել են բեսթսելլերներ եւ թարգմանվել են տասնյակ լեզուներով։ Նա ձայնագրել է ավելի քան 300 աուդիո-վիդեո ուսուցանող ծրագրեր։