Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-10-2017
Երեւանում կայացավ «EducationUSA Fair-2017»-ը
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների «EducationUSA» հայաստանյան գրասենյակը հոկտեմբերի 26-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր «EducationUSA» ամենամյա կրթական ծրագիրը:



ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող «EducationUSA» կրթական-խորհրդատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին: Կենտրոնը դիմորդներին եւ ուսանողներին տրամադրում է ճշգրիտ, բազմակողմանի եւ արդի տեղեկատվություն՝ ԱՄՆ-ում քոլեջներ եւ համալսարաններ ընդունվելու գործընթացի վերաբերյալ: 



Կենտրոնի բոլոր ծառայությունները, ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները եւ տարածաշրջանային այցելությունները, անվճար են:



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «EducationUSA» կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանը նշեց, որ ուսանողներն այդպիսով հնարավորություն են ստանում անաչառ, արդի եւ համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես պետք է դիմել ամերիկյան համալսարաններ եւ քոլեջներ: 



«Աշխարհում՝ մոտավորապես 170 երկրներում, կան 400-ից ավելի խորհրդատվական կենտրոններ, իսկ Հայաստանում «EducationUSA»-ն տեղակայված է Ամերիկյան խորհուրդների գրասենյակում: Ունենք տարաբնույթ ծառայություններ, որոնք բոլորն էլ միտված են օժանդակելու հայ ուսանողներին՝ իրենց ուսումն ԱՄՆ-ում կազմակերպելու համար: Այսօր մենք հրավիրել ենք 7 համալսարանների պաշտոնական ներկայացուցիչների: Վերջիններս հանդիպումներ են ունենում հայ ուսանողների հետ: Դրանք այն համալսարաններն են, որոնք մեծ հետաքրքրություն ունեն հայ ուսանողների նկատմամբ: Ուսանողներն իրենց հուզող հարցերի պատասխանները հաստատ կստանան մասնագետներից, քանի որ հետաքրքրությունն իսկապես մեծ է»,- նշեց Շուշաննա Աբովյանը:



Նա փաստում է, որ հայ երիտասարդները շատ խելացի են եւ առանձնանում են իրենց կարողություններով եւ ունակություններով: Նրանք ձեռք բերած գիտելիքների շնորհիվ այսօր տարբեր ոլորտներում կարողանում են իրենց դրսեւորել: Նրանցից շատերն անգամ ունեն սեփական բիզնես: 



Հավելենք, որ կրթական ցուցահանդեսը բաց էր լայն հասարակության առաջ: Այն առաջարկում էր տեղեկություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ: Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն էր հանդիպելու ԱՄՆ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչներին, ովքեր այս տարի ներկայացնում էին Նյու Յորքի, Կոլորադոյի, Սան Դիեգոյի, Այովայի,Վիսկոնսինի, Սեալթի, Փենսիլվանիայի համալսարանները:



Նշենք նաեւ, որ ըստ Կրթության միջազգային ինստիտուտի կողմից (International institute of Education) հրապարակվող վիճակագրական տվյալների՝ ԱՄՆ-ում 2015-2016 թթ. ակադեմիական տարում բակալավրիական, մագիստրոսական, հետբուհական պրակտիկայում եւ կարճաժամկետ ծրագրերում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 270 է: