Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-10-2017
«Zangi»-ն արդեն Լոռվա բարբառով է «խոսում»
«Zangi» հայկական հավելվածը համալրվեց նոր սթիքերներով: «Զահլես տարար», «Հլը ստի մտիկ արա՛», «Ի՞նչ բանի ես», «Ա լա մի րոպե». օգտատերերն այսուհետ կկարողանան հաղորդակցվել նաեւ Լոռվա բարբառով:

«Դբա լավը» անունը ստացած փաթեթում կա 25 արտահայտություն, որոնք լոռեցիներն ամենաշատն են օգտագործում: Սթիքերների ստեղծմանն աջակցել են հենց լոռեցիները, ովքեր «Zangi»-ի ֆեյսբուքյան էջում ներկայացրել են իրենց տարբերակները: Եղել է ավելի քան 1200 առաջարկ:

Բարբառային արտահայտություններով սթիքերների ստեղծման մեկնարկն այս տարվա օգոստոսին տվեց Արցախի բարբառը՝ «Լյոխ լյավա» փաթեթով: Արձագանք ստանալուց հետո՝ ընդամենը 1 ամիս անց, բարբառային կոլորիտը համալրեց Գյումրու «Ի՞նչխ թե»-ն: Նախատեսվում է ստեղծել նաեւ Գավառի, Ջավախքի բարբառով, արեւմտահայերեն սթիքերների փաթեթներ։

Բացի բարբառային արտահայտությունների փաթեթներից՝ «Zangi» հավելվածում կան առօրյա-խոսակցական լեզվում լայնորեն գործածվող բառեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ «Ո՞նց ես», «Ցավդ տանեմ», «Էլի հին տնե՞րն եք», «Ի՞նչ կա, չկա», «Պաաա՜հ, էլ ով դիմանա» եւ այլն: Կան թեմատիկ, ինչպես նաեւ ոուսերեն եւ անգլերեն փաթեթներ:

«Zangi»-ն հեռահաղորդակցության ոլորտի ՏՏ ընկերություն է։ Այն միջազգային շուկա մուտք է գործել 2015 թ.-ին: Կարճ ժամանակ անց 1.5 միլիոն ակտիվ օգտատեր է ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներում:

«Zangi» հավելվածը հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի համար: «Zangi»-ում հաղորդակցությունը ծածկագրվում է, եւ հաղորդագրություններն ու կոնտակտները սերվերներում չեն պահպանվում: Մեսինջերն ունի ձախլիկների համար նախատեսված հարմարանք: