Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-09-2017
Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը կլինի յուրահատուկ
Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ՀԱՊ թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանը եւ ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը խոսեցին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումների (ցուցահանդես, գիտաժողով) մասին:

Արման Ծատուրյանը նախ նշեց, որ մեծ պատիվ է, որ ցուցահանդեսն անցկացվում է հենց ՀԱՊ-ում, իսկ դա տեղի է ունենում ՀՀ մշակույթի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունների, ՌԴ-ում եւ Իտալիայում ՀՀ դեսպանների շնորհիվ:

«Կցուցադրվեն Այվազովսկու այնպիսի աշխատանքներ, որոնք կբացահայտեն նրան: Շատերը նրան գիտեն որպես ծովանկարիչ, սակայն նա ունի մեծ թվով գրաֆիկական աշխատանքներ: Իսկապես սա բացառիկ իրադարձություն է, քանի որ կլինի ոչ միայն ցուցահանդես, այլեւ լայնամասշտաբ գիտաժողով, որի ժամանակ ներկա կլինեն Թեոդոսիայի, Լոնդոնի, Մոսկվայի, Պետերբուրգի նշանավոր թանգարանների տնօրեններ, ինչպես նաեւ փորձագետներ»,- նշեց Արման Ծատուրյանը: 



ՀԱՊ թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանն էլ անդրադարձավ հանրաճանաչ եւ պատմական նկարին՝ «Քաոս»-ին, որն Այվազովսկին նվիրել է Հռոմի Պապին, իսկ վերջինս՝ Մխիթարյանների միաբանությանը: Նրա խոսքով՝ այդ նկարը յուրահատուկ աշխատանք է, որը Հայաստան է բերվել երկար բանակցություններից հետո:

Խոսելով գիտաժողովի մասին՝ ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը նշեց, որ գիտաժողովն իր մասշտաբով իսկապես աննախադեպ է: 21 բանախոսների թվում ոչ միայն հայ մասնագետներ են, այլեւ միջազգային:

Նշենք, որ ցուցահանդեսը կրում է «Արարում» խորագիրը: Այն բաց կլինի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը: