Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-09-2017
Հայազգի ոսկերչի աշխատանքը՝ Բուքինգհեմյան պալատում
Գաղտնիք չէ, որ հայերն ամբողջ աշխարհում հայտնի են բոլոր ոլորտներում, ըստ այդմ՝ ոսկերչության ոլորտը եւս բացառություն չէ:

Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում բնակվող հայազգի Բեդրոս Սեւաջյանը Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեի պատկերով պատրաստել է ոսկյա սկուտեղ, որը ցուցադրության է ներկայացվել Բուքինգեմյան պալատ: Այս մասին գրում է  «The Armenian Weekly»-ն:

Հայ ոսկերչի աշխատանքը ցուցադրվում է տարբեր երկրներից Բրիտանիայի թագուհուն նվիրված իրերի հավաքածուի թվում: Ոսկյա սկուտեղը եթովպիացի կայսրը Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն նվիրել է 1965 թվականին՝ Եթովպիա կատարած պետական այցի ժամանակ: 

«Ես 10 տարեկան էի, երբ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ժամանեց Եթովպիա: Դպրոցում այդ օրը մեզ ազատ օր էին հատկացրել, որպեսզի մենք թագուհուն դիմավորեինք Եթովպիայի եւ Բրիտանիայի դրոշներով: Դպրոցում սովորող հայուհիները հայկական տարազով էին դիմավորում թագուհուն: Իմ հորը հանձնարարված էր թագուհու համար յուրահատուկ նվեր պատրաստել»,- պատմում է ոսկերչի  որդին եւ հավելում, որ թագուհու այցը շատ կարեւոր այց էր երկրի համար: 

Սկուտեղը պատրաստված է Եթովպիայի հարավում գտնվող հանքավայրերի մաքուր ոսկուց։ Սկուտեղի լայնությունը 80 սմ է, երկարությունը` 50 սմ, իսկ քաշը՝ 14 կգ։ Ոսկե սկուտեղի վրա պատկերված են եթովպիական կայսրական թագն ու բրիտանական թագը։

Նշենք, որ ոսկերիչ Բեդրոս Սեւաջյանը եղել է Եթովպիայի կայսրական ընտանիքի ամենահայտնի ոսկերիչներից մեկը։ Բացի «Եթովպական ոսկե սկուտեղից»՝ Սեւաջյանը պատրաստել է նաեւ մի շարք այլ դիվանագիտական նվերներ: