Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 09-09-2017
Բացահայտում ենք «Երկրորդ հայացքից»
Սեպտեմբերի 7-ին «Նոր արվեստանոց»-ում կայացավ «Երկրորդ հայացքից» խորագրով ֆոտոցուցահանդեսը:

Սեւ եւ սպիտակ նկար, սակայն գունավոր հայացքով եւ բացահայտելու հնարավորությամբ. սա 21-րդ դարին բնորոշ ցուցահանդես էր, որտեղ առկա էին ոչ միայն լուսանկարչի  կարողությունն եւ բնորդների հայացքն ու ժպիտը, այլեւ նկարը լրացվել է տեխնոլոգիական նորարարությամբ։

Մի խումբ երիտասարդներ իրականացրել են մի խենթ եւ ինովացիոն նախաձեռնություն, որի շնորհիվ «Arloopa» բջջային հավելվածի միջոցով հնարավորություն է տրվում տարբեր անձանց ճանաչել նորովի։ 

«Երկրորդ հայացքից» խորագրով ֆոտոցուցահանդեսն իրականացվում է «Վորլդ Վիժն» կազմակերպության երիտասարդների, «Նոր արվեստանոց»-ի, լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի, «X-tech» կրեատիվ ստուդիայի arloopa ստարտափի համագործակցությամբ։

«Երկրորդ հայացքից» խորագրով ֆոտոցուցահանդեսի նպատակն է կոտրել առաջին հայացքից կարծիք կազմելու եւ դատողություններ անելու կարծրատիպը:

«Ես միացա, երբ նախագիծն արդեն ընթացքի մեջ էր, միացա մեծ հաճույքով, որովհետեւ ինտուզիազմը, որն ունեին երեխաները, գրավիչ էր ինձ համար։ Ֆոտոն հնարավորություն է դիպչելու մարդու հոգուն, եւ նախագծի հիմքում հենց դա է, այդ  իսկ պատճառով այն ինձ միանգամից գրավեց»,- մեզ հետ զրույցում նշեց լուսանկարների հեղինակ Էմին Արիստակեսյանը։

Էմինի հավաստմամբ՝ համապատասխան լուսանկար  ստանալու եւ բնորդին ճանաչելու համար բավական երկար ժամանակ նրա հետ պետք է տարվի հոգեբանական աշխատանք։ Լուսանկարչի համար հետաքրքիր էր սեւ ու սպիտակից գունավորին անցումը, այսինքն՝ չորից մինչեւ էմոցիոնալ. «Նկարահանման ընթացքում մի աշխարհ է ստեղծվում, եւ հենց այդ մի քանի ժամվա ընթացքում դու մարդու հետ ապրում ես մի ամբողջ կյանք, եւ շատ հաճախ ինձ հաջողվում էր ավելին իմանալ, քան հենց ինքն է իրեն ճանաչում»։

Չնայած լուսանկարիչը ճանաչում էր գրեթե բոլոր բնորդներին, այնուամենայնիվ Էմինը խոստովանեց, որ անգամ այդ դեպքում ստեղծվեց այդ փոքրիկ աշխարհը, եւ իրեն հաջողվեց կրկին բնորդի մասին փոքրիկ բացահայտումներ անել։

Ցուցահանդեսը, որն իր տեսակով միակն է, տեւելու է մինչեւ սեպտեմբերի 11-ը: Ուստի եթե ցանկանում եք բացահայտումներ կատարել երկրորդ հայացքից, ապա շտապե՛ք այցելել «Նոր արվեստանոց»։

Պատկերասրահ՝ «Երկրորդ հայացքից» ֆոտոցուցահանդեսը