Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-09-2017
Մենք եւ գրքերը
Մեզանից շատերը սիրում են ընթերցել, սակայն քչերն են տեղյակ, թե այն ինչ ազդեցություն է ունենում մեզ վրա։

Պարզվում է, որ ընթերցանությունը հոգեբանական ազդեցություն թողնում է եւ այն էլ՝ տարբեր չափանիշներով: Ընթերցանության ժամանակ մեր ուղեղը բառերն ընկալում է որպես նշանային, սիմվոլային համակարգ եւ համապատասխան հոգեվիճակներ է ստեղծում ուղեղում: Այն առաջնահերթ նպաստում է անձի էմպաթիայի (ապրումակցման) զարգացմանը, քանզի մենք հաճախ նաեւ նույնականում ենք գրքի հերոսների հետ, վերապրում նրանց հույզերը:

Դեռ մանկուց շփվելով գրքի կամ հեքիաթի հերոսների հետ՝ ձեւավորվում է բնավորություն, կամք, ինքնադաստիարակություն, եւ մենք հաճախ հենց այդ տարիքից առանձնացնում ենք մեզ համար իդեալներ եւ հետագայում անգամ այդ մոդելի համաձայն ուղղորդվում:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհում ամենաընթերցվող գրողը Շեքսպիրն է, իսկ 2-րդ տեղում է Լեւ Տոլստոյը։ Փորձագետները վստահ են, որ նրանց որեւէ ստեղծագործություն ընթերցելուց հետո ընթերցողի մոտ գրողների կենսագրականը /գրքի տեսքով/ կարդալու ցանկություն է առաջանում։

Ստալինն օրական կարդում էր 400 էջ՝ համարելով դա նվազագույն նորմա, իսկ ահա Բալզակը 200 էջանոց վեպը կարդում էր 30 րոպեում։

Ամենայն հավանականությամբ հանրությանը հայտնի անձինք լավատեղյակ էին, որ արագ ընթերցանության դեպքում աչքերը ավելի քիչ են հոգնում, քան դանդաղ ընթերցանության դեպքում։ Ի դեպ, դանդաղ ընթերցանության դեպքում ընկալման մակարդակը 60% է, արագ ընթերցանության դեպքում՝ 80%:

Հարկ է նշել, որ հոգեբանության մեջ մեծ տարածում ունի բիբլոթերապիա կամ թերապիա համապատասխան գրականությամբ: Այսինքն՝ դա ուղղորդված եւ նպատակաուղղված ընթերցանությունն է, որը հետագայում քննարկվում է այցելուի հետ: Հոգեբանները փաստում են, որ վեց րոպեն այն ժամանակահատվածն է, երբ թուլանում են մկանները, եւ կանոնակարգվում է սրտի աշխատանքը, այդպիսի պարագայում ընդամենը վեց րոպեում նպատակաուղղված եւ կենտրոնացած ընթերցանության շնորհիվ կարելի է նվազեցնել սթրեսի մակարդակը:

Դե՛ ինչ, ձեզ հաճելի ընթերցանություն ենք մաղթում։