Նյութը՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 05-09-2017
Տեղի ունեցավ «Միջսահմանային կյանք» աշխատաժողովը
ՀՀ Լոռու մարզի Հաղպատ համայնքում օգոստոսի 25-29 տեղի ունեցավ «Միջսահմանային կյանք» հայ-վրացական երիտասարդական միջսահմանային համագործակցության աշխատաժողովը:

Հինգ օր շարունակ Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ մարզերի 20 երիտասարդներ քննարկեցին միջսահմանային համագործակցության արդի մակարդակը եւ դրա զարգացման հնարավորությունները: 

Աշխատաժողովի ընթացքում ձեռք են բերվել հետեւյալ արդյունքները՝

1.Ընտրվեցին հայ-վրացական միջսահմանային համագործակցության առաջնային 10 ուղղությունները:

2.Մշակվեցին միջսահմանային համագործակցության ծրագիր-նախագծեր՝ ուղղված կրթության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության, մեդիա եւ այլ ոլորտներում համատեղ միջսահմանային ծրագրերի իրականացմանը:

3.Որոշում ընդունվեց պետական երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում ակտիվ մասնակցություն ունենալ եւ առաջարկել, որ միջսահմանային երիտասարդական համագործակցությունը ամրագրվի ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության մեջ:

4. Ստացված արդյունքները կհրապարակվեն տեղեկատվական ռեսուրսի տեսքով եւ կտրամադրվեն Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին ու ակտիվ խմբերին:



Սեմինարի 4-րդ օրը մասնակիցները հյուրընկալեցին «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանին, ով ներկայացրեց ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությունը եւ պատասխանեց բարձրաձայնված հարցերին:

Սեմինարն իրականացվեց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ եւ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ: Սեմինարին աջակցում էին նաեւ Վրաստանի «Մառնեուլիի ժողովրդավար կանանց միություն» եւ «Civitas Georgica» ՀԿ-ները: