Առողջ ապրելակերպի տարածումը դպրոցներում
Կանադական նոր ուսումնասիրությունը հուշում է, որ լայն կիրառում գտած դպրոցական առողջապահական ծրագրերը կարող են շահավետ լինել երեխաների համար և´ տանը, և´ դպրոցում: Դպրոցներում ֆիթնեսի աշխատակիցներ վարձելուց հետո նկատվել է երեխաների օրական ֆիզիկական ակտիվության աճ ինչպես շաբաթվա, այնպես էլ հանգստյան օրերին:

Ըստ Փոլ Վյուջելերսի՝ սա ապացուցում է, որ եթե դպրոցական առողջապահական ծրագրերը ճիշտ մատուցվեն, ապա երեխաներն ակտիվ կլինեն ոչ միայն դպրոցում, այլև կշարունակեն պարապել տանը և կգիտակցեն, որ իրենց առողջության համար շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը:

 
Նա անց է կացրել ուսումնասիրություն հանրային առողջության Ալբերտա համալսարանում: Այս դպրոցական ծրագրերը, որոնց նպատակն էր նպաստել ֆիթնեսի տարածմանը և կրճատել ճարպակալումը, ցուցաբերել են տարբեր արդյունքներ: 
 
Հետազոտող թիմի կարծիքով ծրագրերից ոչ մեկի արդյունավետությունն էլ հաստատված չէ`   նկատի ունենալով աշակերտների ֆիզիկական ակտիվությունը դպրոցից դուրս: Նրանք կազմակերպել են փորձնական ուսումնասիրություն Էդմոնտոնի անապահով թաղամասերի դպրոցներում:
 
Ներառված է եղել 10 դպրոց: Հետազոտություն անցկացնողները գնահատել են յուրաքանչյուր դպրոցի կարիքները և պլանավորել այնպիսի գործողություններ, որ երեխաները կենտրոնանան այդ կարիքների վրա: Օրինակ՝ որոշ դպրոցներում կազմվել են աշխատանքային առաջադրանքներ հատուկ միայն աղջիկերի համար:
 
Ուրիշներն անց են կացրել յոգայի կամ պարի դասեր, որպեսզի ներառեն պասիվ աշակերտներին: Յուրաքանչյուր դպրոց նաև լրիվ դրույքով վարձել է ֆիթնեսի աշխատակից հատուկ ֆիզիկական ակտիվության միջոցառումներ կազմակերպելու համար:
 
Որպեսզի հասկանան, թե երեխաներն իրականում որքան են շարժվում, Փոլ Վյուջելերսն իր գործընկերների հետ խնդրել է մոտավորապես 200 հինգերորդ դասարանցիների մեկ շաբաթ կրել քայլաչափ սարք: Եվս 200 հոգու խնդրել են կրել սարքն արդեն ծրագրի հաջորդ փուլում՝ երկու տարի անց:
 
Համեմատության համար նրանք միևնույն ժամանակ նաև ներառել են ևս 20 դպրոցի հինգերորդ դասարանցիների, որոնք չեն կրել քայլաչափ: Այս դպրոցի աշակերտները հիմնականում ապահով ընտանիքներից էին և ավելորդ քաշի խնդիր չունեին:
 
Դպրոցական երկու խմբերի երեխաներն էլ մեծացրել էին իրենց ֆիզիկական ակտիվությունը երկու տարվա ընթացքում: Սակայն ձեռքբերումները մեծ էին այն դպրոցներում, որտեղ անց էր կացվել ֆիզիկական ուսուցման ծրագիր: Երեխաների օրական քայլերի միջին գործակիցը մեկ շաբաթվա ընթացքում աճել էր 21 տոկոսով:
 
Դրական աճը նկատվել էր ոչ միայն շաբաթվա ընթացքում, այլև հանգստյան օրերին: «Շատ ոգևորիչ է, որ այս ծրագրերն իսկապես օգնեցին բարձրացնելու ֆիզիկական ակտիվության դերն ու նշանակությունն աշակերտների շրջանում»- նշել է Վյուջելերսը:
 
Նյութը՝ https://www.dasaran.am