Բանջարեղեն, որն օգնում է նիհարել
Ամերիկյան գիտնականներն առաջարկում են սովորական կերակրի մեջ ավելացնել «թաքնված» բանջարեղեն, որը չի փոխում կերակրի համն ու կազմությունը: Դա էականորեն նվազեցնում է օգտագործվող կալորիաների ընդհանուր քանակն ու նպաստում ավելորդ կիլոգրամներից ազատվելուն: Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել 20 տղամարդու և 21 կնոջ մասնակցությամբ, որոնք համաձայնվել են մեկ ամսվա ընթացքում շաբաթը մեկ անգամ սնվել լաբորատորիայում:

Սննդի կազմը միշտ եղել է նույնը՝ նախաճաշին գազարով հաց, ճաշին պանրով մակարոն և բրնձով հավ ընթրիքին: Կամավորներն իրենք էին որոշում սննդաբաժնի քանակությունը (որը մանրակրկիտ կերպով կշռվում էր), ինչպես նաև կարող էին ըստ ցանկության կերակրին ավելացնել բանջարեղենի որոշ տեսակներ և ելակի յոգուրտ:

Երբեմն հետազոտության մասնակիցներից գաղտնի սովորական կերակրին ավելացնում էին ծաղկակաղամբի, դդմիկի կամ գազարի խյուս: Ընդ որում`   կերակրի կալորիականությունը նվազում էր 15-20%, սակայն կամավորներից ոչ ոք ոչ մի անգամ համի տարբերություն չի նկատել:
Այսպիսով, որոշ կամավորներ, առանձնապես չփոխելով իրենց սննդային նախապատվությունները, մեկ ամսվա ընթացքում իրենցից անկախ նիհարել են մոտ մեկ կգ-ով:
Գիտափորձի ղեկավարներից Ալեքսանդր Բլատն ասել է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել, եթե գիտնականններն իրենց առջև խնդիր չդնեին մասնակիցներից թաքցնել բանջարեղենի խյուսի առկայությունը կերակրի մեջ:
Երբ խոհարարի առջև նման խնդիր չի լինի, նա հիմնական կերակրի նկատմամբ խյուսի համն ու տոկոսային հարաբերությունը փորձարկելու ավելի մեծ հնարավորություն կստանա: Բլատը հիշեցնում է, որ նման միջոցը համադարման չէ և չի կարող փոխարինել լիարժեք դիետային:
Այն կարող է բարելավել արդեն գոյություն ունեցողի դրական հատկանիշները, ինչպես նաև օգնել երեխաներին և նրանց, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հետևել սննդակարգին: 
 
Նյութը՝ dasaran.am